Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծերունին ասես ինքն իրեն հաշվեց, թե լուսաստղը դուրս չեկած եթե ճանապարհվեն, կարո՞ղ են թեյին հասնել քաղաք։

–Մաշինն էլ հենց էդ ժամանակն է ճանապարհվում Րևանու կողմը, թե բիլեթ ճարես, կնստես... Աստված մեծ է, մի լույս կհասնի,— ավելացրեց ծերունին, կողքին դարձավ, լիաթոք հորանջեց ու լռեց։

Իջևանի տերը, որ կաղլիկ ոտը քարշ տալով ներս ու դուրս էր անում վրա բերեց։

— Ինշալլահ, ինշալլահ...

Տիտոսին այնպես թվաց, թե կաղն իր մտքերն էր անում, որոնց հետևից նա ասաց «ինշալլահ»։

Վաղը... Ուրեմն վաղն առավոտյան նա կտեսնի վագոնները, որոնք հարյուրավոր մարդ են տանում երկաթ գծերի վրայով։ Եթե փողը մնացած լիներ։ Ի՞նչ է անելու վաղր։ Մի՞թե պիտի ետ մնա։ Իսկ եթե ճամփի պաշարը վերջանա՞։

Տիտոսը ձեռքով շոշափեց պայուսակը, հացը նրան սիրտ տվավ։ Եվ ոտները մեկնեց, ձեռքը կամացուկ տարավ ազդրի վերքին, այնքան թեթև թվաց վերքը։ նույնիսկ ժպտաց, երբ միտն ընկավ շների վրա տալը, ինչպես ինքը վախից գետին ընկավ։

Կաղլիկ մարդը կողպեց իջևանի դուռը, ոտը քարշ տալով մոտեցավ տախտակների վրա պառկեց

Տիտոսը շուռ եկավ տեղում, գլուխը մոտեցրեց ծերունու թիկունքին, կուչ եկավ։ Կաղլիկ մարդը պառկելուց առաջ մոտեցավ, ճրագը իջեցրեց, նայեց Տիտոսին, հետո պատի նիշին նայեց, և երբ Տիտոսը պառկած տեղից ձայն տվավ, թե ինչ է փնտրում, կաղը պատասխանեց.

— Հե՛չ, մի փետ կար.,.

Հետո նա հարցրեց Տիտոսին, այս անգամ ճրագը հանգցընելուց և տեղում պառկելուց հետո.

— Մայր ունե՞ս, տղա...

— Ունեմ։

— Հա՞յր,

— Չէ՛։

— Բա էդ ալևորը քո ի՞նչն է...