Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հե՛չ,— ասաց Տիտոսը այնպիսի շեշտով, որ նշանակում էր, թող քնեմ։

«Ինշալլահն» լռեց։ Քիչ հետո Տիտոսն էլ քնով անցավ, մոռացավ քրացին էլ, հոգնածությունն էլ։

Գիշերվա կեսին, երբ բեզարած անցորդները քնել էին խոր մրափով, «Ինշալլահի» տախտակները ճռռացին, կաղլիկ ոտը վերմակի տակից թեքվեց, մութում գտավ գետինը, մյուս ոտն էլ հետևեց նրան, վերմակն ուսն առած կաղը մոտեցավ Տիտոսին, մի վայրկյան շունչը փորում պահեց և ապա կամացուկ պառկեց խսիրի վրա։

Քնի մեջ Տիտոսն զգաց, որ մի տաք շունչ, մարմանդ թոնրի բերանի պես տաքացրեց մեջքը։ Այդ նրան դուր եկավ, ոտքերը երկարեց և ավելի խոր քնեց։

Երազի մեջ թվաց, թե շունն իր տաք լեզվով լիզում է ազդրերը, հետո լեզուն դարձավ թաթի պես, մատներն զգուշ մոտեցան շալվարի կարկատանին։ Մսերը թրթռացին, Տիտոսը շուռ եկավ մեջքի վրա, նորից քնեց։

Մի մեծ մուկ աշխատում էր կրծել գոտու պարանը, որով բրդի շալվարն էր կապված մարմնին։ Մուկը նստել էր պորտի տակ, չանչով խտղտացնում էր պարանի հանգույցը, աշխատվում էր կապերն արձակել։

Տիտոսը հանկարծ աչքերը բաց արեց։ Մարդու մատներ էին շարժվում պարանի հանգույցի մոտ։ Ականջի տակ մի ուրիշի շնչառություն էր, ընդհատ ու խռպոտ, ասես խեղդվում էր։

Կողքին շուռ եկավ, թիկունքը ծերունու թիկունքին։ Շուռ գալիս նա տեսավ, թե ինչպես մի ձեռք խխունջի պոչի պես հետ քաշվեց, մտավ վերմակի տակ։

Ձեռքի տերը զգուշությամբ գլուխը հեռացրեց։ Տիտոսի գլխում մի միտք որպես կայծակ փայլատակեց։ Ու նրա առողջ ոտը այնպիսի թափով հարվածեց վերմակի տակ պառկած մարդու փորին, որ մարդուն թվաց, թե փթանոց քարով տվին։ Հարվածից տնքաց ու փորսող տալով հասավ տախտակներին։ Մութի մեջ նա քարշ էր տալիս զույգ ոտքերն ու վերմակը՝ որպես խեցի մեջքի վրա։

Տիտոսը դեռ երկար չկարողացավ քնել։