Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմում, թե ինչքան ծանր է ճյուղերից զրկվելը։ Անտառն երկնքին իր ցավն էր պատմում, իր մեծ ցավը, և անբարբառ զրուցում աստղերի հետ և խավարի մեջ՝ լքումով պատմում, որ մարդիկ անգութ են ու չար։

— Թրա՛խկ-թրուխկ, թրա՛խկժթրուխկ,—լսեցի ես անտառի խորքից։— Փայտահատն է,— մտածեցի ես և միտս ընկան իմ մատաղ ցարասենիները, որոնք բուսել էին շարքով, առվի եզրին։ Հիշեցի մի հեքիաթ այն մասին, թե ինչպես ծառերը հեծում են կացնի հարվածների տակ, և արյունը կաթիլ-կաթիլ դուրս է ծորում նրանց վերքերից։ Խեղճ ցարասենիներ…

***

Հիշեցի այն օրը, երբ վերջին անգամ անցա անտառով դեպի հեռավոր մի աշխարհ, ծառազուրկ ու սառնամանիքոտ, ուր այնքան շատ արյուն էր հոսել, և ուր դաշտերում կարմիր, ճիշտ արնագույն ծաղիկներ էին բուսնում։

Հրաշալի մի աշխարհ, ուր սարալանջերին, երբ գարնանամուտ է լինում, կանաչը բարձրացնում է գլուխը և դիտում հսկա դաշտերն ու ձորերը։ Հեքիաթի մի աշխարհ, ուր ամեն ինչ հեքիաթ էր, մի լուսեղեն երազ, որ կար և չկար։

Անտառը գիտեր ամեն բան։ Նա ականատես էր, երբ ես իմ հառաչները ծաղիկների սոսափին էի խառնում, երկնքի կապույտը դիտում, ասես երկնի անհունության մեջ էի որոնում այն աշխարհը, ուր երբեք ես չէի եղել, բայց որի մասին հրաշալի պատմություններ էի լսել։ Պատկերները խուռներամ ուղեղիս մեջ էին լեցվում, ես զգում էի մի հաճելի թմրություն, կարծես արբեցել էի ծաղիկների բույրով։

Հայրենի աշխարհս անհայտ հեռուներից կանչում էր ինձ, հմայում։ Ես դիտում էի ձյունապատ շղթան, որի մյուս փեշերը հայրենի աշխարհի ջրերով էին ոռոգվում։ Գիտեի, որ այնտեղից երևում են իմ հեթանոս հայրենիքի արգավանդ և բերրի դաշտերը, և սրբազան Եփրատը ոլոր-մոլոր, լեռան փեշերը քերելով, անցնում է դաշտերի միջով և ցողում ծաղիկներն եդեմական։

Եվ մի օր, երբ արևի մարվող շողերը փայլփլում էին լեռան կատարին, ես իմ երազած աշխարհի ճամփեն բռնեցի։