Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանչեց ծերուհուն։ Իշավորներից մեկը շտապեց պատասխանելու.

— Մաշինը հենց էնտեղ է։

Ճամփի կողքին Տիտոսը բամբակի մարգեր տեսավ։ Բացվել էր բամբակը, կնգուղների սպիտակությունից ասես դաշտում ձյուն էր եկել։ Վազեց, բացված կնգուղներից մեկը պոկեց։

— Բամբաւկն էդ է էլի՛,— ասաց ծերունին։

— Տեսնես մեր կողմերում կբսնի ,— հարցրեց Տիտոսը, կնգուղը քրքրելով։

— Չէ՛, բամբակը սար տեղում չի բսնում։

Տիտոսի միտն ընկավ գյուղի ձմեռը, սպիտակած դաշտերը։ Խուրձը շալակին անցավ դպրոցի կողքով, մեկը ժրպտաց ներսից, ինքն էլ ժպիտով պատասխանեց։

Ի՞նչ են ասում իր մասին գյուղում։ Մայրը սպասում է մի լուրի։ Երևի ուրիշ հիշողներ էլ կան։ Հենց այդ ժամին, երբ արևելքում ամպերը ոսկու փայլ ունեին, գյուղում կովերին խոտ են տալիս, ծուխը հերդից բարձրանում է։ Ջանունց պառավը, արմունկները վեր քաշած, պատին առավոտյան թրիքն է ծեփում։

Անցներ մի քանի տարի, մեծանար, Անտոնի չափ իմանար, վերադառնար գյուղ, տեսած տեղերը ման գալու։ Ո՞վ պիտի ճանաչի հորթարած Դաժունց Տիտոսին։

Արևի բարձրանալու հետ ճանապարհն էլ քչանում էր։ Էջերը փռնչացնում էին քթածակերի փոշին, ոտով գնացողները փոշի էին հանում։ Տիտոսի քայլերր հետ չէին մնում մյուսներից։ Ոտքերն այնպես պինդ էր կոխում, ասես ամեն մի քայլը ուժեղ կամքի մի որոշումն էր անընդհատ քայլելու, բարձրանալու սանդուղքն ի վեր, մինչև գագաթ։

Ճանապարհը քաղաքի այգիների մեջ մտավ։ Ձորի գետը քաղաքին հասնելիս մանրիկ առուների էր բաժանվում, ջուր տալիս առուներին, խաղողի վազերին։

Տիտոսն առաջին անգամ ոտք կոխեց քաղաքի փողոցը։ Թեկուզ քաղաքն ընդարձակ գյուղի պես էր, փողոցները ծուռումուռ, տները ցեխով շինած, ջուրը կեղտոտ, բայց և այնպես նրա համար նոր բան շատ կար ասի ական քաղաքի նեղլիկ փողոցներում։

Ահա կառքը, մի զույգ ձի լծած: Ինչպես հանդարտ է