Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բա իմ բանը ինչ կլինի,— ես առանց բիլեթ... Յանի թողիլ չե՞ն,— հարցրեց նա։ Մարդը ծիծաղեց։

Ետ գնալ չկար Տիտոսի համար։ Հարյուր մարդուց ավելի է գնում, ինքն էլ կխառնվի նրանց հետ։ Հո չի կոտրվի, քանի փութ է, որ... Հացն էլ պրծնեչու վրա է։

Այդ ամենը հայտնեց նա մուտքի մոտ կանգնած մարդուն, բայց մարդը չլսեց։ Ուրիշներին էր բաց թողնում։ Տիտոսի աչքն ընկավ դահլիճի բաց պատուհանին։ Մոտեցավ, ցատկեց վրան, ասես գետնից մի ոստյունով իշու վրա նստեց, մի քիչ սահեց և երբ տեսավ, որ նայող չկա, ոտքերը մյուս կողմի վրա կախեց, ցատկեց ու խառնվեց մարդկանց մեջ։ Րևանն այնքան մոտ թվաց նրան, բոլոր արգելքներն ընդմիշտ վերացված։

— Մաշինն ուղիղ տանում է Րևանու մեջը...

Մարդիկ բարձրանում էին սանդուղքով, ներս մտնում Սանդուղքի կողքին կանգնած մեկը, որի գոտուց կանաչ կարմիր փայտեր էին կախված, Տիտոսին թույլ չտվավ սանդուղքով բարձրանալ։

— Ո՞ւր կվազես, լապստրակ,— ասաց մարդը ու ետ հրեց նրան։

— Րևան,— կանչեց Տիտոսը, ձեռքով փափախը մի քիշ ետ տանելով։

— Բիլեթ ունե՞ս,— հարցրեց նա։

Տիտոսը ետ քաշվեց, մի քիչ կանգնեց, տեսավ, թե ինչպես են մարդիկ գալիս, սանդուղքով բարձրանում։ Աչքն ընկավ մյուս կողմի սանդուղքին, որի մոտ ոչ ոք չէր կանգնած, կռացավ վագոնի տակ, անցավ մյուս կողմը, ձեռքը մեկնեց սանդուղքի երկաթին։ Դուռը փակ էր։ Տիտոսը սանդուղքի վրա նստեց։

Այսպիսի երջանիկ րոպե նա ապրել էր և այն ժամանակ, երբ գոմի ճրագի տակ՝ գրքի սև նշաններին նայելուց հետո, նա հասկացել էր, որ շատերն իրար նման են, հարկավոր է միայն երկար նայել, որ գրերը լեզու առնեն ու խոսեն։

Երկրորդ զանգին մեքենան սուլեց, անիվները դղրդոցով շարժվեցին, վագոնները ձգեցին մեկը մյուսին։ Տիտոսը քիչ