Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնաք ընկներ։ Տեղն ամրացրեց, թևը պատ, տվավ սանդուղքի երկաթին։

Առաջին պահ նրան թվաք, թե կամնի վրա է նստած, եզները փափուկ խուրձերի վրայով կամն են քշում։ Բայց երբ գնացքն արագացավ, նրան այնպես թվաց, թե իրենք մի տեղ կանգնել են, անիվներն աղմկում են ջրաղացքարի պես, հողն է միայն ետ շարժվում, և հողի հետ էլ պիտի մոտենա Երևանը։

Բայց երբ ճանապարհի կողքին սայլեր տեսավ, սելվորները գդակներն օդում ճոճելով կանչեցին, Տիտոսը տեսավ, թե ինչպես սայլերը ետ մնացին։

Ընդարձակ դաշտ էր, դաշտի վրա գյուղեր, այգիներ, ճանապարհ։ Բամբակը բացվել էր, կանայք կռանում էին, բարձրանում, գոգնոցները լի բամբակ։ Հենց որ գնացքը մոտենում էր, նայում էին անշարժ, ձեռքերը ճակատին դնում, մինչև վերջին վագոնն անցներ։

Հորթերը փախան,.. Տիտոսի աչքին հորթերը լղար երևացին։

— Լավ չի պահում,— մտածեց նա, նայեց հորթարածին, որ մահակին հենած ոտքերը մկրատի բերանի պես լայն բաց արած, վագոններն էր համարում։ Եթե նա իմանա՜ր, որ ուրիշ աշխարհից մի ուրիշ հորթարած է գնում վագոնի սանդուղքին նստած։

Առաջին կայարանում կանգ առնելը Տիտոսին զարմանալի թվաց։ Նա այնպես էր կարծում, թե գնացքը մի շնչով տեղ պիտի հասնի։ Նոր մարդիկ նստեցին, մի քանիսն իջան։ Էլի երկու անգամ զանգ տվին, գնացքը շարժվեց։

— Ուր մնացին իշավորները, ալևորը, որ քնում էր իշու վրա, ոտները կախ անում։ Նրանք նորից պիտի վերադառնային նույն ճամփով։ Էլի այն խսիր… Երազի մեջ մուկը կրծում էր մեջքի պարանի հանգույցը: Ինչ տաք էր ծեքուն ու մեջքը՝ որպես մարմանդ թոնիր։

— Հիմա մեր կատուն պառկել է կտուրի վրա, արևի տակ... Ազրայիլը կալ է կասում։ Եթե հայրը տեսներ իրեն վագոնի մեջ։ Հանկարծ վագոնը նստած գնար գյուղը։ Սեյիդի սեխերը կլցներ մեջը, թող ետևից վազի։ Սարի շները ոնց