Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

–Րևան,— պատասխանեց Տիտոսը։ Ու մի քիչ սրտապնդեց։ Ինչ ուզում են ասեն, միայն հասնի քաղաք, Անտոնին տեսնի։

— Ո՞վ ես,— հարցրեց մարդը։

— Տիտոսն եմ, Դաժունց թոռը...

Ու չհասկացավ, թե ինչու մարդիկ ծիծաղեցին իր պատասխանի վրա։ Ինքն էլ ծիծաղեց։ Նորեկը նրա պայուսակը քրքրեց։ Չոր հացի կտորտանք կար, թերթերը մաշված մի գիրք, մի քանի դրոտած տետրածներ։

— Լա՛վ, էնտեղ կքննենք,— ասաց մարդն ու հեռացավ։ Տիտոսը ոչինչ չհասկացավ։ Եվ երբ մարդիկ հեռացան, գնացքը կանգնեց, Տիտոսը բարձրաձայն համրեց.

— Է էլ չորս...

Մի քիչ հետո գնացքը շարժվեց։ Մարդը մի անգամ էլ եկավ անցավ մյուս վագոնը։ Նա ոչինչ չասաց։

Բաց պատուհանից Տիտոսը գլխաբաց նայում էր դուրս։ Քամի էր փչում, քամին իրար էր խառնում նրա անլվա մազերը։ Տիտոսն այդ չէր զգում։ Նրա աչքերը հեռվում փնտրում էին բարձր, սպիտակ տներ, փողոցներում հազար մարդ և հազարի մեջ Անտոնին…

Եվ շրթունքները անիվների միալար դղրդոցի հետ կրկնում էին միայն մի բառ.

— Րևան, Րևա՜ն…