Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՏՐԱՆԶԻՏ via ԲԱՅԱՆԴՈԻՐ

Յուրայինների շրջանում բարեսիրտ և ազգասեր մարդու համբավ ունի Մաքսուտ էքմեքճյանը, որի ծննդյան տոնին ամեն տարի «Հայրենիքի ձայն» օրաթերթը բարեմաղթում է երկար կյանք և անհատնում հաջողություն, հիշատակելով և այն գումարը, որ Էքմեքճյանը նվիրում է Աղքատախնամին և կամ Չափահաս երկսեռ որբերի միության։

Ամեն օր նույն ժամին Էքմեքճյանը իր գործատունն է գալիս և ընկղմելով բազմոցի խորության մեջ, տնօրինում, հաշվում, մերթ սիրալիր ժպտում, եթե ժպիտը պիտի ավելացնի Իսթ Ուսթրթաունի օֆիսի մեջ ունեցած դրամագլուխը, մերթ թավ ունքերը կախում և սիգարի թանձր ծխի մեջ դեմքի մռայլությունը պահում, որպեսզի վայրկյան հետո կայծակի պես որոտա շաբաթականից դժգոհ գործավորի վրա։

Այդ եռուզեռի ընթացքում, երբ հարկավոր է օժանդակել հարյուրավոր պստիկ տների աճման, հսկել մանուսայի և կտավի գործին (մի ուղերձի մեջ «Հայրենիքի ձայնը» գովասանքով է գրել, թե Էքմեքճյան առևտրական տունը միակն է, որ վաճառում է երկրում հյուսած կտավ ու մանուսա), հետևել «Հայ փեյնթըր» ընկերության, որ ներկում է տան ներսի ու դրսի մասեր, աժան և մաքուր կատարում փլեսթրի գործ, վերջապես կարդալ ամենօրյա տեղեկագրերն այն հսկա վաճառատան, որի տնօրեններից է և որտեղ, ինչպես ամեն գիշեր ազդարարում է էլեկտրոռեկլամը, «կգտնվի ամեն տեսակ կարասիներ աբարթմաններու համար, մասնավորաբար քոֆըրֆոր և այլն», այդ ժխորի մեջ Էքմեքճյանը ժամանակ է գտնում թերթելու գրասեղանի վրա դրած Ս. Փրկշի օրացույցի