Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քր, հետևելու «Հայրենիքի ձայնին», տեղյակ լինելու համար, թե Ծաղկազարդ կիրակին ազգային ո՞ր սրահի մեջ պիտի լինի «Պեսքեթ պարթի», Զատկի առթիվ ի՞նչ ընկերություն է կազմակերպում հավկթախաղ և այլն։

Եթե այդ ամենին ավելացնենք և այն, որ նա կիրակի օրերը սովորություն ունի եկեղեցի գնալու և պիտի ճաշին ուտի «Հայկական թոնրի բարակ հաց», համարյա ավարտած կլինենք կինոժապավենի պես արագ դարձող նրա օրերի նկարագիրը։

Երբեմն, երեկոները, զվարթ տրամադրությամբ, նա սիրում է լսել «Ստամպուլ» րեքըրդի վրա հայրենական գանոնի վարպետ Օկսենտ Տաշճյանի նվագը և գոհունակ ժպտալ, երբ գանոնը նվագում է «Գոլլարընտա ճան վերեյիմ»։

Սակայն Մաքսուտ Էքմեքճյանի համար ամենից հատկանիշը այն սերն է, որ նա ունի հայ գործավորների հանդեպ։ Առանձին պարծանքով է նա ասում, որ ինքը շատ ազգակիցների է գործ տվել։ Եվ «Հայրենիքի ձայնի» կիրակնօրյա համարում ամեն շաբաթ Մ. Էքմեքճյան Ընկ, խոշոր տառերով ազդարարում էր․

— Ով գիտե ջահրակով ու մանիշով բամբակ ու բուրդ մանել, ինպես նաև կտավ գործել, թող աճապարի այս հասցեով...

Եվ մի քիչ ներքև այլ ազդ․

— Հայրենակիցնե՜ր, երկիրը հյուսած կտավ, մանուսա կվաճառե միայն Մ. Էքմեքճյան Ընկ․․․

***

Այդ օրը Մաքսուտ Էքմեքճյանի ժպիտը խաղում էր, ինչպես արևի շողերը ծաղկանկար գորգի վրա։ Ավելի պայծառացել էին աչքերը, և դեմքի դեղնած, ծալ–ծալ նստած կաշին փայլում էր անխռով քնած և վրդովելու ոչ մի առիթ չունեցող մարդու ներքին գոհունակությամբ։ Հեռաձայնը ուրախ լուրեր էր բերել Իսթ Ուոթրթաունի օֆիսից։

Երբ մի կողմ դրեց օրվա լրագիրը, հանկարծ ապակեպատ դռան ետևում տեսավ կտավի ամենից լավ վարպետ Երվանդին։ Խոնարհ և համեստ մարդ էր Երվանդը, գլուխը կախ