Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես ցանկացա մարմինս թրջել սրբազան գետի մեջ, և բարեպաշտորեն երկրպագել հեթանոս հայրերիս աստվածներին՝ ամենաճերմակ արջառները զոհելով։ Ես կամեցա դիտել, թե ինչպես արևի հրաշեկ գունդը տաքացնում է այն պտղավետ երկիրը, ուր ամեն բան առատ էր և գեղեցիկ։

Անտառը ամեն բան գիտեր:

… Ու քայլեցի ես, ուրիշների հետքով, շատերի պես։ Ճամփեն երկար ու դժվարին, ճամփեն արնոտ ու մոլոր, բայց քայլեցինք մենք հավատով և անտրտունջ։ Եվ հոգնած, արևառ ճակատով, հյուծված ու վտիտ, գալիք օրերի կարոտով էինք ջերմանում, երբ մի օր մեր երդիկից ծուխը պիտ ելներ և վայելքի, աշխատանքի երգերը պիտի լսվեին դաշտերում, սարերում։

Մեր ոտքերը մաշվեցին քայլելուց, մեր ծնկները կքվեցին ծանր բեռից, բայց մենք մեր աշխարհը չտեսանք։

Իզո՜ւր, իզու՜ր, իզու՜ր…

Ե՛վ արյուն, և՛ քրտինք, և՛ զոհ ու զրկանք, և արցունք։ Մենք վերադարձանք այդ ճամփաները նզովելով, այդ ճամփաները, որ հազար հազար մատաղ կյանք լափեցին և չհագեցան։ Մեր ուխտը մեզ անմիտ թվաց, մեր ճամփան կորստաբեր, և մնացինք շվարած։ Մեկը չեղավ, որ մեզ նոր ճամփաներ ցույց տար, որ ամոքեր մեր հիվանդ սիրտը և թև տար, նոր թևեր, ապրելու, ստեղծելու։

Հինավուրց անտառը բոլորը գիտեր։

* * *

Ծառերը մեղմիկ օրորվում էին, ասես սգում էին բոլոր անթաղ մեռելների համար, որ այնպես առատորեն մենք ցրվեցինք այդ անարև երկրի սար ու դուրանում։

Հաստաբուն կաղնիները սգում էին մեր կյանքի վախճանը, և լռության մեջ անտառը մտորում էր խորախորհուրդ և մեծ գաղտնիքների մասին, որոնց հասկանալու համար մարդու միտքն անզոր է հավիտյան։

* * *

Ճամփորդ էի ես՝ հոգնած ու ջարդված։

Ոտքերիս վրա դեռ մեծ ճամփի փոշին կար, այն ճամփի,