Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մարդը հետ նայեց։

Համագյուղացի Քիրամիդչոնց Օննիկն էր։

Այս անգամ տոմսերի ստուգումն Օննիկի ընկերը մենակ կատարեց։

— Մերդ քիչմ վախեցավ, եգև հե՜չ, անցավ․․․ Շաբաթ օրը գեղն էի... Կշինեն, փետ, քար էնքա՜ն են թափել․․․ Անդերը մեկեն եղավ․․․ Էսպես զրուց կենեինք, մեկեն մալականի ֆուրգոնի պես գռռաց։ Իմանաս թե պիլոմենտրը կրակեց, թոփ տրաքեց․․․ Քարերը կշխրտային, գետինքը կխաղար․․․ Յարալու էլ եղավ․․․ Սուսանենք Սերոբը միտքդ է՞․․․ Էսման քար ընկավ գշխուն, տևղռց տեղ մնաց․․․ Մեր մի եզը գոմը մնաց․․․ Էլի հաստատ մնա կառավարությունը, օգնություն շուտ հասցուց։ Թե չէ ժողովուրդը ցրտից կջարդվեր․․․

Երվանդին թվում էր, թե իրական չէ ոչ այն, որ ինքը տրանզիտ է գնում, ոչ այն, որ քարերը շխրտում էին, Սուսանենց Սերոբը․․․ Մոռացել էր, նրան երբեք չէր հիշել․․․ Ուրեմն մայրն էլ կա․․․

Երազ է, բայց պատմում է Օննիկը, իրենց հարևանը։

— Է՜, դու ի՞նչղ ես... Կեցի մորդ աչքալուս տանեմ․․․ Հեչ ո՞ւմ մտքեն կանցներ, թե կուգաս... Ինչղ ես, լա՞վ ես․․․ Քիչմը պառվցած կերևաս աչքիս, հիվանդ խո չես․․․

Դիրգար Հակոբի աղջիկը․․․ գե՞ղն է...

— Հա՛, իրեք մանչ ունի... Մշեցու առավ, հիմա մեր գեղը կապրի...

Քիչ հետո Քիրամիդչոնց Օննիկի ականջին Երվանդը շշնջալով պատմում էր հեռավոր երկթի մասին, ուր պիտի գնար, պարտավոր էր գնալու․․․

Պատմում էր ու դողում․․․

Լուսաբացը հեռու չէր․․․

Գործկոմի նախագահը մինչև այժմ էլ չի մոռացել այն օրվա դեպքը։ Եվ եթե խոսք է բացվում երկրաշարժի մասին, և ամենքը հետ են տալիս իրենց հիշողության կծիկը, նախագահը զարմանալի այդ դեպքի նկարագիրը անելուց, ամեն անգամ հիշում է մազակալած երեսով, գլխի մազերը ցրիվ մի մարդու, որ նախասենյակում աղմկելուց հետո, երբ ինքը