Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շպրտում դռներին, պինդ փակած լուսամուտներին։ Զրնգում էին պատուհանները, և այդ զրնգոցը, քամու զիլ ոռնոցի հետ, սարսափ ու ահ էր տարածում օջախի, բուխարիկի կամ քուրսու մոտ նստոտած մեծ ու փոքրի վրա։

Ես երբեք չեմ մոռանա ձմռան այդ գիշերը։ Կուչ էինք եկել քուրսու մոտ, ոտներս կոխել հաստ յորղանի տակ, իրար մոտեցել ու լսում էինք պապիս, որ բարձերին թիկն տված, շորերն առանց հանելու մտել էր տեղաշորի մեջ, պատմում էր մեզ իր գլխով անցած օրերից։

Ես էի և քեռուս տղաները, հասակակից երեխաներ։ Քեռիս մեզանից մի քիչ հեռու նստած, ապակու կտորտանքով քերում էր եզան կաշի, ականջը պապիս պատմածին։

— Հա... էն ճաք քարը որ անց կացա, ձին մեկ էլ կանգնեց, ականջները խլշեց։Մի մթնկա էլ գիշեր էր, երկինքը սև, ոչ աստղ կար, ոչ լուսին։ Ձին կանգնեց. Ղազար մի՞տդ ա. մի կապույտ ձի ունեինք, ոտքերին էլ սիպտակ խալեր ուներ,— դառնում է քեռուս, խոսքը կիսատ թողնելով։

— Օրուջին ծախած ձին չես ասո՞ւմ,— պատասխանում է քեռիս։ Հայր ու որդի մտաբերում են կապույտ ձին։ Մենք էլ խառնվում ենք նրանց խոսակցության։

— Հետո՞, պապի... Ձին, որ կանգնեց...

— Հա... ձին որ կանգնեց, ասի էստեղ մի բան կա... Գլուխս շուռ տվի, տեսնեմ մթնում երկու պող պեծին են անում։ Իմ ուսին էլ չախմախլու մի հրացան էր, կտաներ միանգամից մի բուռ բարութ... Անիբավիդ ձենն էլ էնքան պինդ էր, թոփի ձենը ձեզ օրինակ։ նազու աղջիկ, աչքիս չի ընկել, էն յարաղը ո՞րտեղ ես գրել։

Նազու աղջիկը տատս էր։

— Հրեն հացատանը, պարկերի քամակին...

Քեռուս կինը, որ մալանչների գեղը կողքին կիտել էրր գլխով ու ձեռքով սկեսուրին հասկացրեց, որ հրացանը ուրիշ տեղ է, հացատանը չի։ Եվ երբ պապս նրան հարցրեց, թե ո՞րտեղ է, ո՞վ է տարել, քեռուս կինը մոտեցավ, ականջիս փսփսաց.

— Ասի ժանգոտել էր, Շալունց Ավանին եմ տվել սրբի՝․․․

Անխոս էր սկեսուրից, թեկուզ տարվա հարս էր։