Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Հետո՞ պապի... Գա՞յլ էր․․․

— Արջ էր, արջ, քեզ կուտեր,— ժպտալով պատասխանեց քեռիս, ձգվեց տեղում, մեջքն աջ ու ձախ ոլորեց, ջղերր տրաք-տրաքոտեցին, ու նորից կռացավ կաշվի վրա։

Պապս բերանը դեռ բաց չէր արել, երբ բորանը մի պտույտ, էլ արեց, ու երդիկով քամին ներս թռավ, ձյուն մաղեց։ Քիչ մնաց ճրագը հանգչեր։

— Տես ինչ է անում է՜․․․ Մեր էն դեզը փուլ չտա, հը՞, Ղազար...

— Չէ, վրան սալ քարեր եմ դրել։

– Եվ տեսնելով, որ մեր աչքերը փր կողմն է, վերհիշեց կիսատ թողածն ու շարունակեց.

— Ես ու ես միտք եմ անում... վեր գամ, գայլ կլինի, վրա կտա փորձանք կպատահի։ Ձին էլ տեղիցը չի շարժվում, ականջները խլշել է, գլուխը ծռել... Ի՞նչ ասեմ, վախը կալավ ինձ, չիմացա ոնց չախմախլուն վզիս հանեցի։ Էն անտերն էլ տեղն եղած ժամանակ չէր տրաքում, չգիտեմ էդ գիշեր ոնց եղավ... Աչքս քցեցի էն պեծերին... Էն եմ հիշում, որ մի սև բան շարժվում էր, պեծերն էլ մթնում վառվում էին... Հենց չախմախը քաշեցի թե չէ, մի որոտաց, մի որոտաց, կասես երկինքը տրաքվեց... Ձին թռավ... Դե հիմա չեմ կարողանում պահել, հրացանն էլ ձեռքիս էր․․․

Պապս սրտի ցավ ուներ, շնչելիս խզզացնում էր, մեկ–մեկ էլ հազը բռնում էր, հազում էր, հազում, կապտում, գլուխը մորթած հավի շլնքի պես ծռում բարձի վրա։ Եվ պիտի սպասեինք, մինչև հանգստանար, մի խոր շունչ քաշեր։

Եվ երբ խոսքի կեսին հազն սկսեց, մենք ավելի կուչ եկանք։ Իսկ քամին հա ձյուն էր շպրտում տան պատերին, քամուց դռան դրսի կողմի երկաթե լեզվակն օրորվում էր, զարկում ջաղացի չախչախի պես։

— Հասա մինչև Սանդ աղբյուր, նոր էդտեղ ձին մի քիչ հանդարտեց։

— Պա՜հ ինչքան տեղ ա թռել է՜․․․

— Հա․․․ անիրավը շատ սրտոտ էր, ղուշի նման էր թռչում։ Վերջը եկա տուն, մի էսպես, էսպես բան․․․ Մինը՝ թե արջ կլինի, մեկելը՝ աղվես։ Լուսացավ, տեսնեմ մեր