Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

– Խելք չունի՞, չի տեսնում։ Նրանք էս եղանակին ճանապարհ կգա՞ն։ Մենակ նա չի... Սարվանենց տղերքն էլ են գնացել, Մուգումին Անդրիասր,— ասաց քեռիս, կլպած կաշու մազերը փեշերից թափ տաշով։

— Նրանք հիմա կրակ են արել, գերանները քցել ու նստոտել կրակի կողքին։ Անտառի մեջ էլ հո բորան չի... Է՜, էնքան եմ մնացել անտառում... Նստոտում էինք, կրակը երկինք էր հասնում, մեջքներս կրակին դեմ էինք անում։ Ու մին էլ մի պախրա, ծառի ճղները պոզին տալով ծառերի արանքից դուրս էր գալիս, զարմացած նայում կրակին, էլի ճղները կոտրատելով փախչում, կորչում․․․ Լուսնյակ որ լիներ, տեսնում էինք գայլերին։ Գալիս էին էստեղ նստում, էնտեղ նստում, ձյունը քանդում, կորչում, էլի գալիս․․․ Բայց վախենում էին մոտ գալ։ Մենք էլ մինչև լույս կրակը վառ էինք պահում։ Մի գիշեր էլ ողորմածհոգի մեր Սիմոնն էր, ես էի, մեր Առաքելն էր․․․

— Է, դե երեխեքը ննջում են, թող քնեն,— դարձավ տատս նրան, իսկ մենք աչքներս լայն բաց արինք՝ ցույց տալու, որ քնել չենք ուզում։

— Նանի, նանի, էդ էլ լսենք, հետո քնենք․․․

— Վեր կացեք, մտեք տեղաշորի մեջ, էլի լսեք․․․

Տեղաշորը ցուրտ էր, և մենք շատը դրա համար էինք չեմ ու չում անում, պռոշ կախում։ Բայց տատս իր ասածի կին էր, պրծնում չկար։

— Հա․․․ ես ասեմ, դուք էլ շորներդ հանեք․․․ Էդպես էլի գնացել էինք գերանի․․․ չէ, մեղա աստծու, ածուխ էինք վառում։ Ես ու Առաքելը նստել էինք կրակի մոտ, ողորմածհոգի Սիմոնն էլ փալանները շարել էր, արջի բուն շինել, մտել տակը․․․

— Պապի, սուս․․․ կասես դուռը չանգռում են,— ասացի ես։ Մի վայրկյան լռեցինք, նայեցինք դռան կողմը։ Ձայն չկար․․․

— Քամին էր, ձյունով տվավ,— ասաց պապս ու շարունակեց։ Հաստ վերմակի տակ ես ու քեռուս երեխաները կծկվել, գունդ էինք դառել, մեջք-մեջքի տված։ Ուզում էինք և լսել, և մեր շունչը վերմակի տակ անել, տաքանալու համար։