Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որով գնացինք մենք հեռուներում հրաշքի աշխարհը որոնելու։

Կանաչազարդ անտառում, այնտեղ, ուր մեծացել էի ես, ուզեցի անէանալ, սուզվել անտառի խորության մեջ, մտովին գրկել նրա մեծ գաղտնիքները և թավուտների կիսախավարի մեջ վերհիշել բոլոր պատրանքները հին ճամփի։

Տերևները սկսեցին երերալ, հովը կամացուկ հպվում էր, խոտերին, ծաղիկներին, ասես զգուշանում էր նրանց նիրհը վրդովել։ Եվ մեղմաբար, քրոջական գուրգուրանքով շոյում էր քրտնաթոր ճակատս, կարծես հանդիմանում էր ինձ՝ թափառումիս ու որոնումիս համար։ Թռչունները սկսեցին ձայնել, ճյուղից ճյուղ ոստոստել։ Մի քանի թիթեռներ, օդում հանգույցներ կազմելով թռան անցան։ Փայտփորը հավասար զարկերով և միապաղաղ կտցել սկսեց ծառի բունը։

— Անտառն էր զարթնում, հինավուրց անտառը։

Արևը դանդաղ և վեհափառորեն բարձրանում էր, արծաթե շողերով ողջ երկիրը ողողում։ Լեռների կատարները սկսեցին հուրհրալ, ձյունը փայլում էր և խնդում արևի անզորության վրա՝ փափկացնելու դարավոր սառնությունը։

Մի թմրություն իջավ ինձ վրա, և ես քնեցի կաղնու տակ, ճամփի եզրին։

* * *

Երբ զարթնեցի, կեսօրից բավական անցել էր։ Արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտ։

Ծույլ-ծույլ մոտեցա առվակին, պաղ ջրով երեսս լվացի և նորից պառկեցի՝ այս անգամ սալորենու ստվերի տակ։

Չգիտեմ ինչու փշոտ սալորենու թուփը ինձ հիշեցրեց գանգրահեր մի գլուխ, և վաղեմի հուշերս վերակենդանացան, կարոտեցի նրան, որի հետ ես միշտ անտառ էի գնում։

Ես այժմ չեմ հիշում, թե ի՞նչի մասին էինք խոսում, միայն այդ զրույցների քաղցրությունը չեմ մոռացել։

Իմ մեջ մի անզուսպ կարոտ ծնվեց դեպի իմ մտերիմը, որին վաղուց չէի տեսել։ Ցանկացա նրա հետ լինել, պատմել բոլոր զրկանքները և թույլ տալ, որ գուրգուրի կամացուկ, շոյի դեմքս և հոգիս լեցնե աղոթքով, խինդով։