Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նազու աղջիկ, մի կարպետ էլ քցի, երեխեքը կմրսեն։

Տատս ծալքից մի կարպետ հանեց ու տնքալով մեկնեց մեզ վրա։ Կարպետի ծանրությունը հաճելի էր մեզ համար։

— Ձիերն էլ կապոտել ենք իրար, դարման են ուտում։

— Պապի, դուռը էլի չանդռում են...

— Ղազար, մի տես ի՞նչ կա...

Քեռիս վեր կացավ, մոտեցավ ու ետ քաշեց դռան հաստ կապը։ Դուռը բացվեց, ու մեկ էլ տեսնենք ձյունի մեջ թաթախված մի բան ներս ընկավ, գլորվեց ու չորեքթաթ եկավ առաջ։ Քեռիս զարմանքից, թե վախից բաց դռան մոտ մի քիչ կանգնեց, քամին բաց դռնով այնպիսի թափով ներս թռավ, որ ձյունի փաթիլների սառնությունը մենք ևս զգացինք։

— Նազու աղջիկ, Ղազար, բա չեք տեսնո՞ւմ...

Քեռիս դուռը դրեց ու մոտ վազեց։

Ներս մտնողը Առաքել ապոր Ավանն էր, որ հոր հետ գնացել էր անտառից գերաններ բերելու։ Ես հետո մտաբերեցի, որ տատս շփոթմունքից ձեռքի բարձը դրեց խմորով լի տաշտի վրա։

— Ավան, բա Առաքե՞լը...

— Վայ, ապերս մեռա՜վ...

Լեզուն կապ էր ընկել, խոսելիս սառած շրթունքները հազիվ էին շարժվում։

— Ղազա՜ր, շուտ հավար քցի... թռի, Դանիելին ձեն տուր... Հաբեդին... ձիանքը նստեք...

— Որտե՞ղ են... բա եզինքը...

— Լուս խաչերում... եգինքն էլ։ Վա՜յ ապեր...

Վայ էր կանչում և տնքում։ Շորերը, փափախը, տրեխները ձյունով ծածկված, բեղերից, փափախի մազերից սառցի կտորներ էին կախվել։ Տնքում էր, գլուխն օրորում։

— Ա հարս, ինչի՞ ես սառել... Շուտ ջուր դիր... հանի չուխան, հանի տրեխները... Մտի՜ քուրսու տակ։

Քեռիս մահակի ծայրին փալասը փաթաթեց, գունդ արեց դդումի չափ, կռխեց սև նավթի կարասի մեջ, ծլծլալռվ հանեց ու վառեց ջահը։

— Ղազար, յափնջի առ...