Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տատս հազիվ հասավ նրան ու դռան մոտ յափնջին գցեց ուսերին։

Մենք վախից կուչ էինք եկել, նայում էինք մերթ Ավանին, որ տնքալով պատմում էր, մերթ տատիս, որ օջախն էր տաքացնում՝ ջուր դնելու։

Պապիս հազն էլի բռնեց։

— Սարվանենք՝ մի կողմից, Մուգումին Անդրիասը՝ մեկէլ կողմից՝ թե մի՜ գնացեք, բորան է, եզինքը կկոտորվեն, ճանապարհը չեք ճարի... Ապերս թե՝ չէ ու չէ, պիտի գնամ, բորանն ինձ ի՞նչ պիտի անի...

— Հակառակ հակառակի տղա,— նախատինքով ասաց պապս, երբ հազը կտրեց,— բեգյառ չեն քշո՞ւմ քեզ, սպասեիր էլի...

— Եկանք... Մինչև կեսօր լավ էր. արև էլ կար... Սարը որ անցանք, ապերս թե՝ էս երեսը ցուրտ կլինի, բեր մի քիչ արաղ խմենք... Մին, երկու քցեց, թե քշի... Սլլալով եկանք... Գետի մոտ արևը մեր մտավ...

Կտուրի վրայով ինչ-որ մարդիկ էին անցնում, լսում էինք ոտների տրփոց։ Քեռիս գոռում էր ձիու վրա, որը դժկամությամբ էր տաք գոմից դուրս դալիս։

— Նազու աղջիկ, Ղազարին ասա շաղ եկած չգնան, իրար չկորցնեն...

Իսկ Ավանը, որ մտել էր քուրսու տակ ու միայն գլուխն էր երևում, մերթընդմերթ տնքում էր, ասում.

— Վայ՜, ապերս, վա՜յ... էս ի՞նչ փորձանք էր...

— Լուս խաչերում չկարեցի՞ք մտնել էն քարի տակ...

— Քարի տակը ո՞րն ա, քարի տա՞կ էր մնացել, ձյունը ծածկել, կորել էր... Խաչերի քարերն էլ չէին երևում...

Քանի տաքանում, այնքան էլ լեզուն բացվում էր, ուշքի էր գալիս, ավելի մանրամասն պատմում, բայց և ավելի հաճախ ախուվախ անում։

— Գետին որ հասանք, Ալա եզանը ոտը սլխկաց, սառնը կոտրեց, քիչ մնաց եզն ընկներ... Ապերը թռավ լուծի վրա, թռնելիս փափախն ընկավ... Վազ տվի, ընկա ջուրը, փափախը ձեռքս ընկավ, տվի իրեն... Հասանք Լուս խաչերը... էլ ճար չկար, ոչ ճանապարհ էր երևում, ոչ քար, ոչ սար... Ապերս