Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Էս նինջը որտեղից եկավ, հաղթեց ինձ։

Երբեմն էլ ինքն էր գնում պարտեզ։ Երկուսով նստում էին վարունգի թաղի մոտ, Ունանը չիբուխն էր լցնում, իսկ Զանին գուլպայի մատերը խաղին հագցնելով, զրույց էին անում։ Զարմանալի սեր ու հաշտություն կար նրանց միջև։ Երբ պա ռավի աչքովն էր ընկնում ամուսնու մաշված արմունկը, զըրույցը կիսատ թողնելով ասում էր.

— Իրիկունը մի քիչ շուտ պառկի, լուսով էդ արմունկդ կարկատեմ... Ճրագի տակ աչքս չի տեսնում, որ ասեղը թելեմ։

— Դու էլ շատ մի գուլպա անի։ Տուր թող Մեժլումի հարսերն անեն... Բայց և այնպես իրիկունը նա մի քիչ կանուխ էր պառկում, իսկ Զանին կովը կթելուց հետո կարկատում էր արխալուղի մաշված արմունկը։

Ինչպես ճնճղուկների կայտառ երամը կհարձակվի կեռասենու վրա, այնպես էլ դպրոցական ընկերների իր խմբով

Առուշանը, երբ տուն էր գալիս, մայրը չէր թոնթորում, եթե նրանց ոտնաձայնից հավ ու թուխս իրար էին անցնում, կչկչում, թոնում պատուհանի ու ցանկապատի վրա, եթե երեեխաները ձեռք էին տալիս բակի ու սրահի իրերին, քցում, նույնիսկ կոտրում։ Սրտաշարժ համբերատարությամբ պառավը կռանում էր և գետնից հավաքում թղթի, փայտի կտորտանքը, որ բերում էին նրանք իրենց հետ։ Եթե պարտեզ էլ գնային, Զանին գիտեր, որ ալևորը չէր տրտնջալու։ Ու միայն նրանց հետևից կանչում էր.

-Երեխեք, սոխի մարգերը կոխ չտաք... Օրերն իրենց խաղաղ ընթացքը փոխում էին, երբ դարպասի երկաթե կոչնակը ծեծում էին, և մի ձեռք մեկնում էր ծրարը։ Ռուշանը եթե տանն էր լինում, ամենից առաջ նա էր վազում և նամակը վերցնում։

— Անտոնիցն է... տես ինչ մեծ֊մեծ է գրել։ Վաղոն էսպես չի գրում, նրանը իսկի մեր ուսուցիչն էլ չի կարդա...

Պարտեզի դռնակը բացվում էր, և Ունանը բահը ձեռքին մտնում էր։

- Բահն ո՞ւր ես բերում։ Անտոնն է գրել... Քոռանամ, էս նրա ձեռքն է։