Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Սիրտս գուրգուրանքին կարոտեց, իսկ անտառում ոչ ոք չկար:

…Ու հիշեցի Հերդային։

- Ո՞ւր է նա, ո՞ր աշխարհում։ Արդյոք հիշո՞ւմ է նա ինձ, արդյոք գիտե՞, որ ես մի մոլոր ճամփորդ եմ, մի անտուն շրջիկ, որ քնում է անտառում, ճամփի եզրին։

Եվ կարոտը մարեց իմ հոգում, այնպես ինչպես առաջացել էր։ Ոչ ոք չեկավ ցավս հարցնելու, մեկը չկար, որին պատմեի, թե ինչքան ծանր է նստել հինավուրց անտառում և հին օրերը վերհիշել։

Զգացի, որ մենակ եմ, մեն-մենակ…

* * *

Իրիկունն իջավ։

Եվ հեռացա ես վիրավոր անտառից, հեռացա՝ տրտում, գլխիկոր, ճամփես շարունակելու մինչև նոր հանգրվան, այնտեղից նորից քայլելու, քանի ճամփա կա, քանի ոտքերս չեն թուլացել:

Ճամփես երկար էր, ճամփես դժվար էր…