Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Գնա քնի, Ռուշա՜ն,— ասաց Անտոնը։

— Քունս լի տանում,— ու տեղում շտկվեց։ Զանին առիթից օգտվելով սամավարը դրեց սեղանին։ Զրույցը հանդարտվեց, մոտեցան սեղանին։ Ունանը տեղից վեր կացավ ու նստեց իր անփոփոխ տեղը' սեղանի ծայրին։

— Ռուշան, Անտոնը որ քեզ հետը տանի, կգնա՜ս,— հարցրեց Սահակն այն աշխույժ տրամադրությամբ, որպիսին ունենում է աշխատանքից հետո հանգստացողը։

— Կգնա՜մ,— կտրուկ պատասխանեց Ռուշանը և չնկատեց, որ սամավարի հետևից իրեն հառած մոր աչքերը զարմանքից լայնացան։

— Որ քեզ տանի, ի՞նչ ես դաոնալու...

— Միլիցիա,—լուրջ ասաց տղան։

Սահակն ու Անտոնը ծիծաղեցին, Ունանը ժպտաց նրանց ծիծաղի վրա, իսկ Զանին ձեռքը մեկնեց սամավարի ծորակին ու սառավ։

— Աչքդ վրան պահի, չես տեսնո՞ւմ,— ասաց Ունանը, ձեռքով ծորակը շրջելով։ Բաժակը լվել էր ու ջուրը թափվում էր սեղանին։ Զանին շփոթվեց, և նրա թորշոմած դեմքը պղնձագույն դարձավ հուզմունքից։

...Ուշ էր, երբ նրանք գնացին։

— Նանի, տեղերս քցի... է՜, ապի, դու ոնց ես... Մազերդ սպիտակել են, բայց էլի պինդ ես։

— Ինչ դժար գործի ենք որ...— պատասխանեց հայրը և դարձավ կնոջը,— թախտին քցի տեղերը։ Էն պատուհանն էլ փակի. լուսադեմին քամի է լինում։

— նանի, դու ոնց ես... բա չես բեզարել, էսքան որ աշխատում ես։

— Նանին քեզ մատաղ...

— Բա Վաղոյից չես հարցնո՞ւմ։

— Հը, բան կա՞,— ու բարձը մնաց ձեռքին։

— Ամուսնացել է,-— ժպտալով ասաց Անտոնը։

— Արի՜ է, այ ալևոր,— կանչեց Զանին,— հարսը Լավ տնի՞ց է։

— Ի՞նչ տուն, նանի։ Ահնհեր, անմեր մի ռուս աղջիկ է...

— Ռո՞ւս։