Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անտոնը ծխախոտի տուփը դրեց կողքին ու շուլալվեց վերմակի տակ։

-Օխա՜յ... էսպես փափուկ տեղ վաղուց է չեմ քնել... Նանի, Սահակն առավոտ կանուխ է գալու, միասին տեղ պիտի գնանք։ Զալը կանուխ կքցես...— ու գլուխը ծածկեց վերմակի ծայրով։

ՈւնաՆն էլ պառկեց։ Միտք էր անում ծերունին, թե էս ի՞նչ մարդիկ են... Չհարցրեց, թե բաղը ոնց է, ծառերը, հոգը... Տան ապրուստի, մուլքի կողմանից... ոնց որ մի ղոնաղ։ Իսկ փոքրուց էդպես չէր... Ոնց փոխվեց, հը՞... Ծառերն ո՞ւմ պիտի մնան,— ու նրա միտքն ընթացավ ծանոթ ճանապարհով, դռնակը բաց արեց,— ջրի բանդը պիտի կայնել... Անտեր շները գալիս են լոբու մարգերը կոխ տալի...

Պառավը ճրագի տեղը փոխեց։ Աչքը դարձյալ ընկավ Անտոնին, անխռով քնել էր։ Ու շա՜տ մաշված, այտերը փոս ընկած թվաց նրա աչքին Անտոնի հոգնած դեմքը։ Մայրը կամաց հառաչեց, կռացավ նրա կոշիկներին նայեց, գոգնոցի ծայրով փոշին սրբեց։— Վաղոն պսակվել է։ Շրջանակի միջից մի զույգ աչքեր նայում էին մորը։ Իր ասածը չեղավ... է՜, ինչ թաքուն մտքեր ուներ Զանին անդրանիկ որդու հարսանիքի հետ կապված։

Ճրագը ձեռքին մայրը մոտեցավ Ռուշանի վերմակը շտկի, ամեն օրվա պես։ Ռուշանը քնաթաթախ աչքերը բաց արեց ու ծոր տվեց...

— Հիմա հո չեմ գը-նո՜ւմ... որ մեծանամ, էն ժամանա՜...

Մայրը կռացավ, ճակատը համբուրեց ու ականջին շշնջաց

— Բш ես՞, բալիկ...

— Դու ապորը մոտ մնա., էնքան համա...— խոսքը թերի մնաց, աչքերը փակվեցին։

Մայրը մի պահ նայեց նրան։ Ճրագը ձեռքում դողում էր։ Երեխան քնի մեջ ժպտաց։ ԵՎ անլուծելի առեղծված դարձավ այդ ժպիտը մոր համար։

Չանին ճրագը հանգցրեց։