Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎՃԻՌԸ

Այն սենյակը, որի դռան փակցրած ազդն արգելում է առանց զեկուցման ներս մտնել, փակ միայն կիրակի և տոն օրերը։ Իսկ շոգ ժամանակ դուռը առավոտից մինչև երեկո բաց է։ Երկար է ու նեղլիկ, առաստաղը ցածր, տեղ֊տեղ ծեփը թափված։ Դիմացի պատի մոտ դրված են փայտե հասարակ մաշված աթոռներ։ Մինչև դուռը խիտ շարված են չռանդած նստարանները։

Մի թեթև շուք էր տալիս առաստաղից կախված փարթամ կանթեղը, պղնձյա մոմակալներով, որոնք միացված էին ապակյա ուլունքների շղթաներով։ Այդ կանթեղը գործածության պիտանի չէր և չէր մերվում սենյակի ընդհանուր տեսքին։ Մնացել էր հնուց, և իբրև անգործադրելի ինչ, թողել էին տեղը։

Այդպես է շրջանային ժողդատարանի սենյակը, ուր այն առավոտ, երբ քննվելու էր սովորական գործերից մեկը և արձակվելու վճիռ, ինչպես պատշաճ է օրենքի ոդան,— այն առավոտ փայտյա նստարանների վրա տեղավորվել էին մի քանի հոգի և մինչև դատավորների գալը իրար հետ զրուցում էին։

Առաջին ներս մտնողը դատարանի քարտուղարն եղավ, ձողի նման բարակ մի մարդ։ Նրա փոքրիկ գլուխն անշարժ միացված էր իրանին, այնպես որ աջ ու ձախ նայելուց ամբողջ իրանն էր դարձնում, ինչպես բուկուռուցքով հիվանդը:

— Ոտքի',— ասաց քարտուղարը և տեղում մեխվեց։ Մի կին կանգնելուց թաշկինակը քցեց։

Քարտուղարը առաջներում հաշտարար դատարանի գրագիր