Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ԷՆ ՏԱՐԻՆ

Այնտեղ, ուր այժմ պետական թատրոնի դերասանը շնորհքով խաղում է «Երևակայական հիվանդը», հենց այդ նույն սրահում հավաքվել էին 97 վարժապետ` 97 երևակայական հիվանդ, Քյավառից` մի Եփրեմ, Գյումրուց` մի Եփրեմ, Գյումրուց մի Մխո, Ղարսեցի Տիկոն` «ծխական» պատգամավոր։ Այդ տարին ամենքն էլ ավելորդ անուն ունեին` Ղաչաղ Սիմոն, Գալի Սյուքաս, Սարսաղ Եփրեմ, Դժոխք Դավիթ:

Համարյա ամեն իրիկուն` մութն իջնելուն պես (այն տարին աշտարակի ժամացույցն էլ չէր խփում) պետական թատրոնի սրահում հավաքվել էին 97 պատգամավոր, մեկը զանգահարում էր, մի քանիսը հազում, աջ նստած «ճաղատ գլուխ» խմբից կաղլիկ մեկն ամբիոն էր բարձրանում և սայլի չյուղած անիվի պես ճռնչում՝ զեկուցում բյուջեի մասին (եթե կար այդպիսին)։

«Ձախը» անպատճառ պիտի հարցապնդում աներ, աղմկեր, նախագահը երկու անգամ զանգահարեր, իսկ երրորդ անգամ քվեստորին աչքով աներ, որ դուրս տանեն հարցապնդման հեղինակին:

Հարցապնդումից հետո՝ կենտրոնը, որ փռված էր ձախից աջ, առաջարկ էր մտցնում հավանություն տալ կառավարությանը և ընթացիկ հարցերին։ Կենտրոնից խոսում էր մեկը՝ մի Դժոխք Դավիթ կամ Ղուրդու Բալա, և 97 վարժապետի ձեռքեր աղոթող մոլլայի ձեռքերի պես ցցվում էին վեր։

Քվեարկելիս մտածելու կարիք չկար, ձեռքի համբարձումն այն ժամանակ մարմնի մարզանքի պես մի բան էր։

Ես կարող էի պատմվածքս սկսել և այսպես.