Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դե ի՞նչ ասեմ, ընկեր դատարան, բոլոր հանգամանքներիս էլ ծանոթ կլինեք,— ու վիզը խեղճ֊խեղճ ծռեց։— Ամոթ էլ եմ համարել վկա բերել, նրա համար, որ արար աշխարհքին է հայտնի իմ եղելությունը... Ես խնդրում եմ, որ արդարությունը պաշտպանեք, իմ մեղավորությունը երեսովս տաք... Եթե որ մի օտար դատավոր լիներ, կասեի հանգամանքներիս անծանոթ է.. Ինչքան չլինի Հոռոմսի հորքիրը ձեզ պատմած կլինի իմ գլխով անցկացածը։ Ինչու, քեզ էլ հայտնի կլինի, հարևանցությունը որ օրվա համար կլինի։

Դահլիճում մեկը փռթկացրեց։ Քարտուղարը վտանգ կասկածող արագիլի նման վիզը ձգեց։

— Գործի էությունը պատմի,— սաստեց նախագահը և իսկույն փոշմանեց իր խստության համար։

Տոնականը փշաքաղվեց, ոտները փոխնիփոխ արեց, աչքերը գետնին քցելով, շարունակեց.

— Էությունն էն է, որ երկինք գետինք վկա, ես ինձանում մեղավորություն չեմ գտնում։ Էն տարին, որ ուզում էր գնա, խնդրեցի, աղաչեցի, ասի' էդ անվայել գործը մի անի... Հոռոմսի հոքիրն էլ պախարակեց,— դատավորը ձեռքը զանգակին տարավ, բայց հետ քաշեց։

— Չլսեց, Սովի էն նեղ վախտը երկու երեխան երեսիս թողեց... Մի ամիս չքաշեց, աղջիկս սաթիլջամ ոտացավ... է՜հ, կարվի անկնիկ տունը։ Մի օր էս հարևանը, մի օր էն մինը... Շնորհակալ եմ Հոռոմսի հորքուրից... Շատ դեղ ու դարման արեց, դե ինչ արած, ճակատագիր էր... Գործիս միջին զագսից դրա մասին թուղթ եմ բերեր..

Կինը փղձկաց, երեսը ծածկեց գոգնոցով։ Տոնականը փոշմանած իր խոսքից, դառնությամբ հանդիմանեց նրան.

— Էս օրն էի լաց լինում է՜, Մարիամ,— և ինքն էլ հուզվեց, կնոջ անունն ասելուց, ձայնը դողաց։

— Քաղաքացի Տոնական... Մասնավոր խոսակցությունով մի ընդհատեք... Շարունակե՜ք...

— Հա՜, էն խոսքն էի ասում, որ...

նախագահի համար էլ օտարոտի էր նրան անվանել «քաղաքացի Տոնական»։ Ամբողջ շրջանը հայ ու թուրք, մեծ ու փոքր նրան ճանաչում և կանչում էին նալբանդ Տոնո։ Հրապարակի