Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թթենու տակ նրա տեղն էր։ Օրնիբուն գլուխը քաշ աշխատում էր, փոքրիկ զնդանի վրա նալ տափակացնում, ծակոտում, ծուոը հարթում, մեծը փոքրացնում, մեխի ծայրը սրում։ Ծառին խրած ցցերից նալերի շարանուկներն էին կախած, ձիու նալը ջոկ, եզանը՝ ջոկ։ Իսկ մեխը փայտե ալկղների մեջ էր, դարձյալ ըստ տեսակների' մաշինի տափակ մեխ, տեղական մեխ։

Նրա համար տոն ու կիրակի չկար։ Մինչև մութն ընկնելը զըրնդ հա՛ զըրնգ զարկում էր նալին ու մեխին։ Եթե անձրև լիներ կամ ձյուն դար, Տոնոն պնդանը տեղափոխում էր դիմացի իջևանատան դարպասի տակ և կոտրած մանղալի կրակը թեժ անելով դարձյալ աշխատում, երբեմն ձեռքերը կրակի վրա պահելով։ Օրվա որ ժամանակն էլ լիներ, ինչպիսի ձի բերեին,— այդ փոքրիկ ու վտիտ մարդն առանց վախի կռանում էր սմբակի վրա, նույնիսկ երբ ձին ուժ էր անում աքացի տալու։

Տաք ու դուրեկան լռության մեջ Տոնականը հանդարտ ձայնով շարունակեց իր պատմությունը, կարծես լսողները պատի տակ արևկող արած իր ընկեր հարևաններն էին։ Իսկ ատենակալը մտածում էր, թե ինչպես կարելի է օգտագործել առաստաղից կախված կանթեղը։

— Վեր կացավ գնաց,— շարունակեց Տոնոն,— անցկացավ մի տարի։ Դիմացա, ասի ինչքան չլինի մայր է, սիրտ կանի, կպա երեխու վրա... Մի օր էլ խարարը Գյանջու կողմերից եկավ, թե էն, ասելն էլ ամոթ է, սիրեկանին բաց է թողել, մի զինվոր աղի հետ գնացել է Բաքու... Կարելի է ճանաչեք Առուշանենց Անդոնին... Նրա ձեռքով մի նամակ ուղարկեցի... էն տարին ճանապարհները նոր-նոր բացվում էին։

Տաք հովը բաց պատուհանից ներս էր բերում այն անորոշ աղմուկը, որ հատուկ է գարնան պայծառ օրին, աղմուկ, որ առաջանում է թռչունների ճռվողյունից, սարերում հերկող գյուղացիների հորովելից, այգիներում հող քանդող մշակների երդերից և էլ ո՞վ գիտե, ինչպիսի ձայների խառնուրդից։

Մի իշամեղու թևերն արևի տակ փայլփլեցնելով, բզզալով ներս մտավ, պտույտներ արեց, թևով դիպավ կանթեղի