Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր ձիավորների ատրյադը նրանց հետ կռվի է բռնվում, երկու անգամ նրանց գյուղը ձեռքե ձեռք է անցնում։

Երեկոյան դեմ գետն անցանք։ Մութ, ցուրտ, ցեխ։ Հակառակի պես մի անձրև էլ սկսվել է, թրջվել ենք, ջուր ղառել։ Կես գիշերին շտաբից հրաման եկավ, որ շարունակենք ճանապարհը, մինչև Բարկուշատի գետերը, այսինքն անցնենք Աղրբեջան։

Հենց էն գիշեր էլ տեղեկացանք, որ նահանջել ենք ամբողջ ճակատով, թողել ենք և քաղաքը։ Բայց էդ եղավ մեր վերջին նահանջը։

Ընկերս վերարկուի մեջ ամուր փաթաթվեց, երեսը դարձրեց դեպի փողոցը։ Էլեկտրական լամպերը քամուց մեղմ օրորվում էին, և նրանց ցոլքը տարուբեր էր լինում գուբերում հավաքված անձրևաջրի մեջ։ Մի քիչ շունչ առնելուց հետո շարունակեց, երեսը դարձյալ դեպի մութը, կարծես մի ուրիշի հետ էր խոսում։

— Ամբողջ ձմեռ մնացինք Գետերում։ Համարյա ամեն օր սպասում էինք հարձակման հրամանին։ Բայց հրամանը ուշանում էր։ Երբեմն կցկտուր տեղեկություններ էինք ստանում մեր գյուղերից, գավառից։ Մեր ընկերների մի մասը մնացել էին թշնամու թիկունքում։ Ոմանք չէին ուզեցել նահանջել, ոմանց էլ կարգադրված էր մնալու գյուղերում։ Եղան վախկոտներ, որոնք հրացանը շպրտեցին բիլեթի հետ միասին։

Գարնան դեմ մի քանի անգամ խաբար ստացանք, որ մեր ընկերներից մի քանիսին սպանել են, ոմանց աքսորել։ Մեզանից շատերի ընտանիքներին էին նեղում։ Դավիթը հանգիստ չուներ։ Քանի՜ անգամ խնդրեց, որ թույլ տան ֆրոնտով անցնի գյուղ գնա և էլի գա։ Շատ էր մտածում տանեցիների մասին։

Ես էԼ էի անհանգիստ։ Մեր գյուղի բջիջի կեսից ավելին չէր կարողացել դուրս գա։ Ամեն օր ընկերներս աչքիս առաջն էին։

Վերջապես մի օր մեր շտաբը հրաման ստացավ կազմ ու պատրաստ լինելու։ Տեղեկացրին, որ հարձակումը շուտով պիտի լինի։