Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուտով հարձակման ենք անցնելու, պատրաստվեն գոնե իրենց փրկելու նահանջող դաշնակների գազանություններից։

Պահանջվում էր երեք հոգի։ Երեքն էլ տարբեր ուղղությամբ պիտի գնային, զանազան շրջաններ։ Նրանցից մեկը պիտի գնար ձորերը և պիտի աշխատեր մեր գյուղի ընկերներից մեկնումեկին հանձնելու գաղտնի նամակը։ Այդքանն անելուց նա, եթե հաջողացներ, պիտի վերադառնար, եթե ոչ՝ պիտի միանար մերոնց և կամ աշխատեր գլուխը մի կերպ պրծացներ։

Գնացողը գնում էր դեպի մահ։ Եթե նրան հաջողվեր թշնամու ֆրոնտից անցնելը, տպա նա իրեն վտանգից դեռ ազատում չէր կարող համարել։

Հայտարարությունից հետո մի քանի րոպե տիրեց խոր լռություն։ Ապա զանազան տեղերից վեր կացան, մոտեցան սեղանին։ Ես տեսա Դավիթի ոգևորված աչքերը ու ձեռքը վեր բարձրացրած, սրան-նրան բոթելով, բարձր բղավելով՝ «մեկը ես, ես» առաջ անցավ։ Ես էլ մոտեցա սեղանին, տեսնեմ Թեմուրը բոլորից առաջ է կանգնել, գլուխը բաց, վիզը ձգել և աշխատում է նախագահի աչքն ընկնել։

— Թեմուր…

— Ես եմ գնալու, ես… — ասաց և բռունցքը զարկեց կրծքին։

— Չէ, դու մնա, տունդ…

— Թեմուր բայլշևիկ չի՞, Թեմուր փափախ չի ծածկո՞ւմ…

Ցանկություն էին հայտնել ութ հոգի։ Այդ ութին էլ հավաքեցին առանձին, որպեսզի մեզանից երեքը ջոկեն և գնացողներին բացատրեն անելիքը։

Ինչե՜ր արեց, ինչե՜ր արեց Թեմուրը… Նա մի գլուխ կրկնում էր ասածը․

— Թեմուր բայլշևիկ չի՞… Հայ-թուրք մեկ չի՞…

Էն ընկերը, որին շտաբից հանձն արարել էին էդ գործը, փորձեց Թեմուրին հետ ուղարկել։ Կհավատա՞ս, եթե ասեմ, որ ոտքերին փաթաթվեց և աղաչեց, տղաչեց, որ իրեն ուղարկեն։

— Թեմուրն ի՞նչ ունի… Մի բոստան, ցանել պրծել եմ։ Մի օղլուշաղ, մի տղա… Թեմուր լավ ինկեր ունի։ Թեմուր