Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թեմուրը ճանապարհին մեզ խնդրել էր, որ տանը ոչ ոքի չասենք իրենց հեռանալը։ Նա էլ չէր ուզում, որ կինն արտասվի, և՛ ուզում էր գազանապահ լինի հենք առաջին օրը, ինչպես պատվիրել էին շտաբում։

Մի օր հետո հեռացան Սարվանլարից։ Թեմուրը տնեցոք ասել էր, որ գնում է Բարկուշատի կողմն աշխատանքի։ Շտաբում խնդրել էինք, և չէին մերժել մի քիչ կրուպա, շաքար, ձեթ, մի հին շինել և ուրիշ մանր իրեր տալու Թեմուրին, որով ընտանիքը պիտի կառավարվի մինչև նրա վերադարձը։

Ես ոչ Դավիթի գնալը տեսա, ոչ մյուս ընկերոջ։ Չդիտեմ էլ, թե նրանք ի՞նչ շորով, ի՞նչ պատրվակով անցան սահմանը։ Մեզանից էլ գաղտնի պահեցին նրանց գնալը։

Թեմուրը գնալուց առաջ տեսնվեց ինձ հետ։ Մի փոքրիկ խուրջին էին տվել ուսը, մեջը մի քանի կտոր սապոն, ասեղ, թել, կոճակ և չարչու մանրուք։ Նա ձորի գյուղերում հարկ եղած դեպքում երևալու էր իբրև չարչի։

Ճիշտն ասած, իր փոխած հագուստով, ուրիշ փափախով, որ ներս մտավ, մի րոպե ես էլ նրան չճանաչեցի։ Մի բան, որ շատ ուրախացրեց Թեմուրին։ Ես ուզեցի իմանամ, թե որտեղ է պահել գաղտնի նամակը, որ պիտի հանձներ Գալուստին, բայց Թեմուրը ժպտալով գլուխը թափահարեց։ —

Կբախշես ինձ, որ էդ չասեմ... ինձ էդպես է հրամայել ընկեր կամանդիրը…

Ես է՛լ չփորձեցի տեղեկանամ, միայն մի քանի անհրաժեշտ խորհուրդներ տվի, թե որ ճանապարհով կարող է մոտենալ մեր գյուղին, ումնի՛ց շատ կասկածի, որի՛ տանը կարող է գիշերել։ Հրաժեշտ տալով խնդրեցի, որ եթե մորս տեսնի, մի կերպ հասկացնի, որ ողջ եմ։

Դռան մոտ փաթաթվեց վզովս։ Ա՜յ էսպես անձրև էր եկել, ինչպես էսօր… Աստղալուս էր։ Էնտեղ գարունը շուտ է բացվում, տաք երկիր է, ինչպես որ մայիսը մտնելուց արդեն գարիները դեղնում են։

— Արխային կաց… Տասը օր չի քաշի, Թեմուր էստեղ թաղա խաբարի հետ…

— Ուրեմն, տասը օր էստեղ ենք…