Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քիչ դրամ էր ընկնում գրպանս, մյուս շաբաթ շոգիանալու համար։

Հիշողությանս մեջ աղոտ՝ այն տարուց մնացել է իմ պատկերը՝ անկարգ, աղտոտ մազեր, ինչպես մացառուտ, բեղի տեղերը նոր ծլած մազ և զգեստի պես մի բան, որի մեջ ես ավելի խրտվիլակի էի նման։

Զինվորի ոջլոտ շորերից նոր էի ազատվել:

Սակայն այս ամենը կարևոր չէ մի ամբողջ շրջան բնորոշելու։ Այն ժամանակ պատմական օրեր էին, երբ յուրաքանչյուր հայ լուսավորչական «միացյալ էր և անկախ» դուքանչին՝ աբոզ գրվող, պատվով մեռնող։

***

Աշնան անձրևոտ մի օր էր։

Խմբագիրը լուր էր ուզում, գրաշարը՝ նյութ, ընթերցողը՝ օրվա թարմ լրագիր։

Հենց ներս մտա գրասենյակ թե չէ, հրամանը պատրաստ էր։

- Տասներկու լուր մինչև ճաշ։

Դուրս ելա փոշման ու ջղային։ Անձրևոտ այդ օրը, ցեխին ու կիսաքաղց, ես ամենևին հավաս չունեի իմանալու, թե որ մինիստրության մեջ են գողություն արել, ո՞ւմ տունն են թալանել, ո՞ւմ է հետապնդում միլիցիան։

Մի րոպե կանգնեցի փողոցում, հիշեցի, որ մի մինիստրության պահեստից տասներկու հազար գերանդի է կորել, մտածեցի, որ պարենավորման գործ է, քայլերս ուղղեցի դեպի ծանոթ մի գործավար։

Իզուր հույսեր։

Գերանդիները կորել էին և ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է գողացել։ Մի բաժնի վարիչ նույնիսկ տհաճորեն պատասխանեց ինձ ու չկամ քրթմնջաց.

- Վերջապես այդ թերթի բան չի։

Հեռացա հուսահատ, մի լուր թխեցի, որ քաղաքի փողոցները շուտով սարքելու են (երկարաճիտ կոշիկներս ծակ էին և իմ ուժեղ ցանկությունն էր փողոցները մայթած տեսնել), մի երկու հին լուր թարմացրի, ենթադրական ձևով և այնպես