Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուր էր տարածվել, թե ձիավորները նրա խուրջինն ու մանրուքը վերցրել են, նրան բաց թողել։

Մի խոսք՝ ես արդեն ոտքի վրա էի, ֆրոնտս արդեն վերջացել էր, երբ Գալուստը բերեց Թեմուրի պատառոտված տրեխը, գաղտնի նամակը, որ խնամքով կարված էր եղել կարկատանի տակ։

Նամակն էինք կարդում, երբ մեր գյուղացի որսորդ Սամսոնը մոտեցավ մեզ։ Նրա գոտուց երկու աղավնի էր կախված, մի կաքավ։

— Վեր ես կացե՞լ․․․ Նանի, աչքդ լույս,— կանչեց մորս։— Էս կաքավը խորովի, թող ջանը պնդանա։

Ասաց և կաքավը քցեց մորս գոգնոցը։

— Դանել, մի բան եմ տեսել էսօր ախր...

— Ի՞նչ։

— Մեր էն թղկի ծմակում մի մեյիդ կա, ամա ցրիվ տված է, համ էլ կանուխվա բան է...— և չսպասելով մեր հարցին, տրեխը խլեց Գալուստի ձեռքից։

— Վա՛յ... էս նրանն է, Գալուստ... Սենց մինն էլ հրեն հագին, մի ոտն էլ բոբիկ... Կարմիր էլ կապեր են, իսկը սրա նման... Ջանավարը ցրիվ է ավել, բայց տրեխը դեռ ոտին է...

Գալուստը նայեց աչքերիս։

Ընկերս լռեց։ Ապա նայեց ինձ այնպես, ինչպես տարիներ առաջ Գալուստն է նայել նրա աչքերին։

Քիչ հետո պատշգամբից ես տեսա նրա բարձր, մի քիշ կորացած սիլուետը։ Նա գնում էր ծանրախոհ մարդու հաստատ քայլերով, և նրա քայլերի ձայնը արձագանքում էր լուռ փողոցում։ Իսկ էլեկտրական լամպերը ասես իրենց ցոլքով հիացած, ճոճվում էին առվակների զվարթ ջրերում։