Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուրեմն ժողովյը բաց արա, —ձայն տվին մի քանի հոգի:

Տեղկոմի նախագահը զանգ տվեց։

— Շուտ արեք, ընկերներ, նստեք... Մի քիչ նեղվածք է, ոչինչ, Սեդրակ... տեղ տուր` պապաշան նստի...

— Արի՛, պապաշա:

— Մեզ մոտ արի...— կանչեցին այս ու այն կողմից։

Դանելը ժպիտն երեսին կուչ եկավ նստարանի ծայրին: Նա այդ երեկո էլ զվարթ տրամադրություն ուներ։

— Ընկերներ, ընդհանուր ժողովը հայտարարում ենք բացված... խոսքը ընկեր Խաչիկյանինն է, որն որ ձեզ մանրամասն կհասկացնի քանի հանգամանքը։ Ուրեմն լսողություն:

Ընկեր Խաչիկյանը հանձնաժողովի կողմից ուղարկված էր քաղխորհրդի համար ապարանի կոլեկտիվից պատգամավոր ընտրելու։

Նա պարզ և հասկանայի սկսեց պատմել, թե ինչո՞ւ համար է քաղխորհուրդը, ո՞վքեր են մասնակցում նրա ընտրության:

Ընկերոջ զեկուցումից պարզվեց, որ քաղխորհրդի անդամը պիտի աշխատի խորհրդի սեկցիաներից մեկն ու մեկում։ Նա պարտավոր է հաշիվ տալու իր ընտրողներին, լսելու նրանց պահանջները։

— Չէ՜, մանկապարտեզն ստացանք,— ընդհատեց մեկը։

— Քաղխորհուրդն ունի առողջապահական, կրթական, կոմունալ, ֆինանսական և նման սեկցիաներ։ Պետք է ընտրել աշխատասեր, գիտակից և բանվորների շահը պաշտպանող ընկերոջ։

Մի ժամից զեկուցումը վերջացավ։ Մոտ կես ժամ էլ տևեց հարցերը։ Նախագահը վերջում հայտարարեց. — Այժմս, ընկերներ, տվեք համապատասխան թեկնածու... Ըստ օրենքի մենք պետք է տանք երկու պատգամավոր... Առարկություն չկա՞, որ մեկը կին լինի...

— Չէ՛, չէ՛ ... Չկա։

— Ուրեմն տվեք անունները...

— Պապաշայից լավը չկա...— կանչեց մի տպագրիչ։