Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պապաշան, պապաշան... — ձայնակցեցին մյուսներրը։

Բարձրացավ աղմուկ։ Ծափահարեցին։ Մի քանի հոգի ծեր գրաշարի թևերից բռնած մոտեցրին սեղանին։

Պապաշան մի բերան կանչում էր.

— Ուրիշին, ուրիշին... Ես հե՛չ...

— Ուրիշին չենք ուզում, — բղավեցին երիտասարդ գրաշարները։

Դանելը ինչքան հակառակեց՝ չեղավ ու չեղավ։

— Ընկերներ, ես լավ խոսալ չգիտեմ...

— Մեզ գործ անող է պետք...— կանչեցին տպագրիչները։

Եվ միաձայն պապաշան ու կազմատան հավաքարար Մարիամն ընտրվեցին քաղխորհրդի պատգամավոր...

3


Տպարանի շրջապատը երկու տարում անճանաչելի դարձավ։

Ընտրությունից մի ամիս չանցած, քաղաքի գումակը մաքրեց ավազի և խիճի կույտը։ Երիտասարդները մի տոն օր բարակ լորենիներ տնկեցին շենքի չորս բոլորը։ Քաղխորհրդի ծաղկանոցից տունկեր բերին և զարդարեցին փոքրիկ պարտեզը։

Պապաշան օրն ի բուն աշխատում էր։ Նրա պահանջով էլեկտրական լույսերը հասցրին խուլ փողոցներից մեկի ծայրը։ Նոր շենքի առաջ քաղխորհուրդը ջրի ծորակ սարքեց։

Այժմ գարունը բացվելուց տերևակալում են լորենիները, ծաղկանոցի ծաղիկները բույր են տալիս բաց պատուհանների ետևն աշխատող հարյուրավոր մարդկանց, որոնք շարում են գրքեր, թերթեր, շարում են, տպում, կազմում։

Գարնան հետ գալիս են սարյակները, ճռվողյունով ներս մտնում, պտույտներ անում կտուրի տակ։ Ծառերի տակ ուրախ վազվզում են տպարանի մանկապարտեզի երեխաները։

Փայտե նստարաններ կան ծառերի տակ։ Նրանց վրա ընդմիջումի ժամերին հանգստանում են գրաշարները։