Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ներից մեկը, որ նստել էր պատուհանին և անքնությունից հոգնած աչքերով նայում էր դուրս, ակումբին մոտեցող խմբերին։

— Տեղն է. թող չխմի, — պատասխանեց մյուսը։

— Ա՜յ Անդրեյը, — մատը մեկնեց պատուհանին նստած՝ երիտասարդը։ Նրանք մոտեցան պատուհանին։ Բայց այդ րոպեին դուռը բացվեց և մանարանի ցեխից մի խումբ երիտասարդ բանվորներ ներս մտան։

Հինգ րոպեից հետո դահլիճում նստելու տեղ չկար։ Ուշացողները կանգնում էին դռների մոտ, պատուհանների տակ։ Բաց դռնից երևում էին բազմաթիվ գլուխներ։ Այդ՝ դուրսը տախտակների կույտի վրա տեղավորվածներն էին։

Մինչև ժողովի սկսվելը բանվորները դիտում էին պատերից քաշ արած նկարները և պլակատները։

— Այ թե լա՜վ են նախշել հա՜․․․

— Թամամ Մոսկվա է, — ասաց մի բանվոր, որ նոր էր վերադարձել Մոսկվայից։ Նա մասնակցել էր տեքստիլ բանվորների խորհրդակցության։

— Էն մռութը տես, էն մռութը, — ծիծաղելով մատը մեկնեց մի ուրիշ բանվոր։ Պատից կախել էին մի դիմանկար, երևում էր, որ մարդը գիշերը թունդ հարբել էր, ընկել ցեխի մեջ։ Նկարի վրա մարդու երեսին դեռ մնում էին ցեխի հետքերը։ Մազերը գզգզված էին, գդակը ծուռ։ Ձախ աչքի տակ նկարել էին ընկույզի չափ ուռուցք։

— Մեր վարպետին են լա՜վ թրջել, — վրա բերեց մի ուրիշը, որ տառերը կապելով վերջացրել էր լոզունգի ընթերցումը։

ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ է ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ

Նախագահի զանգը ընդհատեց սկսված խոսակցությունը վարպետ Անդրեյի մասին։ Տիրեց խոր լռություն։ Դուրսը եղածները ավելի մոտեցան պատուհանին։

Ժողովն սկսվեց։