Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. ԶԵԿՈԻՑՈԻՄԸ

Զեկուցում էր մանարանի ցեխի վարիչը։

— Ուրեմն, ընկերներ, այսպիսով հարվածային բրիգադներից դուրս են մնացել միայն 6 հոգի, որ ամբողջ բանվորության չնչին տոկոսն է կազմում։ Կարող ենք ասել, ընկերներ, որ մեր ցեխը հարյուր տոկոսով հարվածային է...

Բուռն ծափահարություններն ընդհատեցին նրան։

Վերջին շարքերից մի խումբ երիտասարդներ բղավեցին «Հուռռա՜.․.))»։ Այդ հուժկու կանչը ալիքի նման հասավ մինչև առաջին շարքերը, մինչև բեմը, որի վրա էլ խիտ նստոտել էին։ Առաստաղից կախված կարմիր կտորները, որոնց վրա լոզունգներ էին, մեղմ ծփացին ծափահարությունների որոտից։ Կարծես վերևը ճոճվում էին բազմաթիվ կարմիր դրոշներ։

— Բրակի տոկոսը այսպիսով իջել է. ևս բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ Առաջ ունենում էինք պարապ դազգյահներ, այժմ քսան դազգյահից մեկը պարապ չի մնում: Թույլ տվեք, ընկերներ, բերեմ մի օրինակ մեր գործարանի հարվածայինների աշխատանքից... Խոսքի օրինակ մեր կոմերիտների հարվածային բրիգադները։ Ձեզ հայտնի էր որ նրանք կոմուն են կազմել և աշխատում են կոմունայի հիմունքով, փոխադարձաբար միմյանց օգնում են, աշխատավարձը բաժանում են հավասար։ Եվ ահա, ընկերներ, նրանք արտադրությունը բարձրացրել են 40 տոկոսով...

— Կեցցե՛ն հարվածային կոմերիտները, — բաց ականչեցին այս ու այն կողմից։

— Բայց, ընկերներ, նրանք սոցմրցման պայմանագիր են կապել Ալավերդու № 1 հանքի կոմերիտների հարվածային արտելի հետ։ Նրանք մեզ ուղարկել են իրենց հաջողությունները։ Արտելը 3 հերթի է աշխատում, մերոնք էլ․ հունվար և փետրվար ամիսների պլանը նրանք կատարել են 150 տոկոսով, մերոնք այստեղ մի քիչ նահանջել են...

Առաջին շարքում ժպտացին։ Կոմերիտներից մեկը, որ հարվածային կոմունի անդամ էր, տեղից բղավեց, թե սխալ են հաշվել իրենց տոկոսը։