Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ Անդրեյը ոտները քարշ տալով գնաց դեպի օղու խանութը։

Իսկապես Զանոն հնարեց մի նոր դազգյահ, ավելի ճիշտ, եղածը փոփոխեց, ավելի լավացրեց։ Գյուտարար Ջանոյի և նրա դազգյահի մասին թերթերը գրեցին, ինժեներներ եկան, կազմվեց հանձնաժողով, քննեցին և որոշեցին, որ Ջանոյի գյուտը շատ արժեքավոր է։

Ահա Ջանոն նստել է բեմի վրա, մի անկյունում, գլուխը քարշ, կարծես դարձյալ մտածում է դազգյահ ի մասին։

— Որտեղից որտե՜ղ․․․— դառնությամբ մտածեց Անդրեյը,— միասին եկանք գործարան․․․ Այժմ նա աշխատանքի հերոս է, իսկ ես՝ չնշին տոկոս․․․

4. ՎԱՐՊԵՏ ԱՆԴՐԵՅԸ

Զեկուցումը վերջացել էր։

Նախագահը կարդում էր առաջին հարվածային բրիգադի կատարած աշխատանքը և ֆաբկոմի որոշումը նրանց պարգևատրելու մասին։

— Կեցցեն առաջին հարվածայինները,— աղմուկից և ծափահարություններից թնդաց դահլիճը։ Բեմի վրա պատի նման կանգնել են առաջին բրիգադի հարվածայինները, դահլիճը ծափահարում էր, իսկ նրանք գլխարկները թևի տակ, կանգնել էին, ոմանք հուզմունքից կարմրել էին, ոմանք գլուխները մի կողմի վրա դարձրել։ Նախկին կարմիր բանակային Սեթը ողիղ ձգվել էր, ինչպես զորահանդեսի ժամանակ։

Վարպետ Անդրեյի հետ մի զարմանայի բան կատարվեց: Երբ առաջին ծափերը պայթեցին, նա տեղից կիսով չափ բարձրացավ, ինքն էլ սկսեց ծափահարել նախ թույլ, ապա ուժգին։ Ծափի աղմուկը մեղմանում էր, բայց նրա բազուկները չէին հոգնում։ Նրա ծափից վարակվում էին և մյուսները, նորից էր թնդում աղմուկը։

Ապա հոգնած տեղը նստեց։ Ձեռքերը կարմրել էին ու դողում էին։

Կարդացին գյուտարար Ջանոյի անունը։ Նորից ծափեր, նորից աղմուկ։