Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄՍՈՄՈԼԻ ՓՈԿԵՐՈՎ

1

Նախագահը գրությունը կարդաց, գլուխը դարձրեց դեպ պատուհանը, մի րոպե նայեց, — կարծես առաջին անգամն էր տեսնում ձյունի հորդ փաթիլները և ապա նորից աչքերը հառեց թղթին։

Ներս մտավ կատարածու Ենոքը և շեմքում ոտքերը պինդ դոփեց' ձյունը թափվելու համար։

— Չի՛ վերջանում, էլի՜... — տրտնջաց Ենոքը և սառած ձեռքերով գրկեց վառարանի տաք խողովակը, — էսքան էլ ձյո՞ւն...

Ենոքի տրտունջը տեղին էր։ Չորրորդ օրն էր, որ թափվում էր ձյունը և չէր դադարում։ Սար ու ձոր ծածկվել էին ձյունի հաստ շերտով, տները կիսով չափ թաղվել էին ձյունի մեջ։ Ո՜չ ճանապարհ էր երևում, ո՛չ առու, ո՛չ ձորակ։

— Ի՞նչպես անենք, Ենոք, — հարցրեց նախագահը։ Կատարածուն հանկարծակիի եկավ և ապա գլխի ընկնելով, որ հարցը ձյունի մասին է, վառարանի խողովակը պինդ դրկելով ասաց․

— Փետը բերենք լցնենք, թող զիլ տաքանա, մևնք էլ չորս բոլորը նստենք...

— Բա սա՞, — և թուղթը մեկնեց։

Ենոքը մի քայլ մոտեցավ։ Նա վախեցավ, նրա մտքովն անցավ, որ երևի շտապ գրություն է ստացվել, և պատասխանն ինքը պիտի տանի այդ ցուրտ օրն։

— Էդ ի՞նչ է, — կամաց հարցրեց Ենոքը։

— Երկաթուղու կայարանիցն են գրել, — դանդաղ