Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էին տեսնում սերմազտիչը։ Ճիշտ է, գյուղին չհասած, երբ տեղեկացրել էին, որ մեքենաները կոմսոմոլները բերում են, շատերն էին գնացել առաջ և օգնել բերելու, բայց հրելու ժամանակ նրանք լավ չէին դիտել մեքենաները։

— Ապրի Սմբատը,— ասաց մի կին,— կռներս կդինջանա...
— Էլ խախալ չկա՜... Օրը հարյուր փութ էլ լցնես, կմաքրի...
— Հարյուր փո՜ւթ, —ծոր տվեց կինը։
Երբեմն մեքենաներին էր մոտենում կոմերիտականներից որևէ մեկը։ Նա հաճույքով էր պատասխանում հարևանների հարցերին, թե ինչպես բերեցին մեքենան, որ շուռ չեկավ, ձյունը շատ էր։ նրանք իրար հետ վիճում էին, թե քանի փութ կշինի մեքենան. սակայն վիճողների երկու կողմն էլ գովում էին կոմերիտականների հերոսական աշխատանքը։
— Զորանա մեր կոմսոմոլը...
Իսկ գյուղխորհրդի գրասենյակում Սմբատը, նախագահը, Լևոնը և մի քանի երիտասարդներ հաշվում էին սերմացուն, որոշում սերմազտման հերթերը, նշանակում հսկիչներ, որոնց պատասխանատվությամբ օր ու գիշեր պիտի աշխատեին մեքենաները։
Ենոքը թեժացնում էր վառարանը և նրանց լսում խոր հավատով։