Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հողը վարում է էնպես, ինչպես իր պապերը և նրանց պապերը։

Էսպես խոսքեր էր ասել Սահակը գյուղացիներին. որը համաձայնել էր նրան, որը կասկածել, մեծ մասն էլ ասել՝ թե Սահակի ասածը գերմանու հողում կլինի, մերում՝ ոչ։

— Ինչո՞ւ,— բարկանում էր Սահակը։

— Էնպես։ Էդ էլ մեր երկրի շնորհքն է... Մինչև հիմա, որ չենք տեսել, այսուհետ էլ, Սահակ, տեսնենք սավետական կառավարությունը ինչ շնորհք ցույց կտա։

Էդ տարին էլ տարել էի վիկի սերմը։ Հետո երկու շարքացան ուղարկեցինք, վերջը՝ սերմզտիչը։ Էս մեքենաները տեղ արին, որ տրակտոր մտնի։

Սահակին էդ առիթով էի ճանաչել։ Մենք իրար հասկանում էինք։ Մի քանի անգամ նա էր եկել ինձ մոտ. էն կողմերը լինելուց ես աշխատում էի ինձ գցել էն գյուղը, Սահակին տեսնել։ Երբեմն հուսահատվում էր, դառնացած գանգատվում, թե բան չի դուրս գալու, էսպես խավար ապրել են, էդպես էլ խավարի մեջ կկորչեն։

Նրան համոզում էի, հուսադրում։ Էն առաջին տարիները գյուղում դեռ բջիջ չկար։ Միակ կուսակցականը Միխայելն էր, որ և' նախագահ էր, և' հողբաժին, և' զագսի գործերն էր տանում, և' սերմացու բաժանում։

Մի տարի հետո նորերն եկան, հոտաղ, բատրակ երիտասարդներ մտան կոմսոմոլի մեջ, բջիջը մեծացավ, աշխատանքները շատացան։ Էդ տարիներում մի կարգին դպրոց շինեցին, քանդված, խափան ճանապարհներ կային՝ նորոգոցին, մեծացրին։ Ամեն տարի գյուղ գնալուց նկատում էի, որ մի բան էլ են ավելացրել, նոր սերունդը կամաց կամաց դուրս էր գալիս և իրեն հետ տանում գյուղի ամենալավ տարրը դեպի նոր կյանք, նոր գյուղ։

Երեք տարի առաջ մի փոքրիկ կոլեկտիվ էին կազմել։ Սահակն էլ էր մեջը։ Ինչպես ասում են՝ իրար բռնելով, իրար օգնելով, դժվարություններ հաղթելով, ուժեղ աշխատանք էին տանում նոր կյանք, կոլեկտիվ կյանք ստեղծելու։

Վերջի տարիները Սահակին չէի տեսել։ Հեռվից հեռու լսում էի նրանց աշխատանքը, երբեմն էլ «Մաճկալում»