Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պատահում էի թղթակցությունների, գրված նրանց գյուղից, նրանց կոլեկտիվից։

Էս գարնանը գործս ընկավ նրանց կողմերը։ Խորհուրդի դռան առաջ կանգնել էի, մեկ էլ տեսնեմ ներքի ճանապարհով դեպի ինձ է գալիս Սահակը։Քեֆ հալ հարցրեց և տեղեկանալով, որ կատարածուն ուղարկել եմ նախագահի ետևից, նեղացավ, որ իրենց տունը չեմ գնացել։ — Ինչ է, կոլեկտիվ ենք մտել, գուցե կարծես, թե ղոնաղ չենք ընդունում... Ար՛ի, արի գնանք հիմա առաջվանից սրտաբաց կընդունեմ։

Նրա տունը գյուղի ծայրին է։ Վերջին տարիները նոր տնատեղեր այդ մասում բաժանել։ Արդեն կառուցված են 10—20 նոր տուն, պլանով, լայն փողոցի երկու կողմը։ Մենք ներս մտանք սրահը։ Գերանի վրա նրա երեխան նստել էր, գլուխը կախել գրքի վրա։ Մեզ տեսնելուց նա վեր կացավ, ապա տեղը փոխեց և շարունակեց ընթերցանությունը։ Սահակի կինը արևի տակ չորացնում էր մանր, դեղին սերմեր, որ փռել էր առանձին թերթերի վրա։

— Էս ի՞նչ է, Սահակ,— զարմացած հարցրի ես։ Սերմերն անծանոթ էին։

— Սա դեղին յոնջի սերմեր են։ Խալխը ցանում է, յոնջից շատ բերք ստանում, մեր տեղը սրան ասում են իշու յոնջա։Հերու սերմացու եմ հավաքել։ Էս տարի ապառաժ տեղերը պիտի ցանեմ...լավ խոտ կլինի,— և մատների մեջ տրորեց տաքացած սերմերը։

— Սահակ, էլի էն բաները չես մոռացե՞լ...— հարցրի ես։ «Էն բաները» օտար երկրներում տեսած արդյունավետ բույսերն ու մեքենաներն էին։

— «Էն բաների» ժամանակը հենց հիմա է... էնպես խոտեր ցանի կոլեկտիվը։ Էս ապառաժները դարձնի ծաղկած դրախտ։

— Հա, դու էդպես ասա... Մատներս տարավ էս անտերը,— դժգոհեց կինը, մեկնելով ձեռքը, որի մատները ծակծըկել էր չոր ցողունը։