Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ ծերունուն իր մի ընկերոջ հետ շուկայում բռնում են, բերում միլիցիա և ստիպում, որ միլիցիայի համար փայտ սղոցեն, իհարկե, անվարձ։ Մարդիկ վախից համաձայնում են։

Սղոցում են մինչև իրիկուն, մյուս առավոտ մի ընկերը չի գալիս։ Ծերունին մնում է մենակ, սպասում է մի քիչ, հետո հերթապահին հայտնում, որ մենակ չի կարող սղոցել, թող մի մարդ տան։

Հերթապահը զայրանում է, հրամայում, որ մենակ սղոցի։ Երբ ծերունին հայտնում է, որ չի կարող, հեթապահը տուր թե կտաս վզակոթին, մի աքացի էլ մեջքին և սանդուղքներով գլորում վար։

***

Ես արյուն շատ եմ տեսել՝ կռի՜վ, կոտորած…

Սակայն ծերունի փայտհատի արյունոտ պատկերն ամուր մեխվել է ուղեղիս։

Եվ երբ հիշում եմ «երանելի» այդ տարին, ինձ թվում է, թե այն ժամանակ կար միայն անարդար մի բռունցք, կոշտ մի սապոգ, որ շպրտում էր սանդուղքից վար այն ամենը, ինչ խեղճ էր ու թշվառ։