Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բա ոնց չասեմ, ե՞ս եմ մտնում կոլեկտիվ, թե դու։ Պիտի ասեմ, բա ո՞նց. հողս, բաղս ձեռիցս տամ, մեջտեղը տկլոր կանգնե՞մ։ Էն Վախտը տեղդ էլ չեմ իմանա, որ գամ ասեմ, ընկեր, էս ի՞նչ արիր։

— Էդ ե՞րբ ես բաղատեր դառել, Գյալե...
Հարցը ես իմանալով տվի։ ճանապարհի տակը Նոնա֊ ձոր ենք ասում, չեմ իմանում տեսել ես թե չէ։ Էդ ձորումր էն առաջի տարիները կոկլիկ բաղ տվինք Գյալեին։ Լքյալ գույք էր. առաջներումը էլի Բաննահենց ազգն էր տիրապետում։ Էդ հարցը իմանալով տվի, որ էն խումբը կատաղի։  
— Էդ է, որ բաղ ես տվել, կոլեկտիվ չի մտնում է՜,— էն կռնիցը պատասխանեցին,— փորը տաքացել է, սիրտը մուլքի վրա մրմռում է։ 
Էս խոսքին տեսնեմ Չետանց Առստամը «հեռի, հեռի՜» ասելով քունջիցը առաջ եկավ, չոբանավարի մահակը մեկնեց թե. 
-Ես իմ հոգիս, Գյալեն ուղիղությունը խոսեց կոլեկտիրի մասով։ Այ խալխը,— և երեսը շրջեց դեպի ժողովուրդը,— էլի էն մեր հողն ու ջուրը չի՞։ Որ կոլեկտիր դառանք, հողը հո ավելանալու չի՞, ծմակը հո մեզ չեն տալու։ Էնքան տարի գիշեր-ցերեկ վրան արյուն քրտինք ենք թափել, օրը մի ժում հաց կերել, ի՞նչ ենք դատել, որ հիմա կոլեկտիվը դատի, էն էլ աշխատանքը սհաթով, ես ի՞նչ իմանամ կնիժկայով, չեկով... 
— Տրակտոր ենք բերում է՜, Առստամ ապեր, տրակտորի մաշին... 
— Ընկերովի լավ կաշխատենք,— էս ու էն կողմից վրա տվինք։ 
Ասացի, որ մեր գյուղում մշեցի մի բատրակ կա, անունը նավո։ Դա Առստամին էն խոսքերն ասաց, որ մի փութ մեղրով չի ուտվի։ Նրա մերն էլ խոսեց, Հերքո պառավը: Արմացք բան էր. էսքան տարի ո՞վ էր տեսել, որ Հերքո պառավը ժողով դա։ 
— Խազեյնի ձեռք տանջվիր եմ, ջնջվիր եմ։ Եմ ջիգյար դաղուկ է։ Ցամաք հաց կխտար, փշուրըմ շոռ։ Մենք լե հոդի ենք, չէ՞... 
Վերջը, թե՝ էդ կուլակությունը ջնջենք, կոլեկտիվ հիմնենք, Շատ լավ խոսեց մշեցի պառավը։