Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— ի՞նչ, Գյալե,— համ հարցրի, համ էլ մտքումս ասացի, որ խմած չի, որովհետև բերանից հոտ չէր գալիս։

— Էդ անունը էլ մի տուր։

Կարծեցի գժվել է։

— Գյալեն մեռավ, Գյալեին թաղել եմ քարի տակ... Հիմա ես Գալուստ եմ, ընկեր Գալուստ։

Եվ կրծքին պինդ խփեց, կարծես ալդ նոր անունը ամենաթանկ պարծանքն էր։

Վերադարձա, մերոնց ասացի, որ ուզում է կոլեկտիվ մտնիր։ Մեկն ուրախացավ, մյուսը թե՝ չլինի սրա տակը բան կա, մի օյին, էն մեկէլը թե' բանվորների մեջ մի քանի ամիս մնացել է, շփվել, երևի համոզել են:

Մյուս օրն ընդունեցինք։ Անունը որ ժողովին կարդացինք, ծափահարեցինք։ Շատ ուրախացավ, անչափ։ Ասաց թե ինձ որ ծափահարեցիք, այսռւհետև մեռնեմ էլ դարդ չունեմ։

Նշանակեցինք բրիգադ։

Դու աշխարհքի բանը տես, թե մարդն ինչպես է փոխվում։ էն ծույլ, ղարաչի, հարբեցող, չքավորության մեջ խեղդված Գյալեն մեր կոլեկտիվի ամենաեռանդով բրիգադն է։ Ոչ մի խոսք, ոչ մի ծպուտ չի հանի, առավոտը լույսը չբացված՝ գործին է, ուր էլ ուղարկես՝ կգնա, մի խոսքով' կարծես նոր մորուց ծնված է։

Նրա էդ փոխվելը անասելի օգնեց մեր կոլեկտիվին: Էնքան մեր օգուտի մասին չեն խոսում, ինչքան նրա մասին։ էս զարմանալի բանը պատահեց, ախպեր, մարդը դարձավ ուրիշ, բոլորովին ուրիշ։

Սահակի կինը մեզ կանչեց թեյի։

— Ես քեզ երեկոյան նրան ցույց կտամ... Մուխանի հետ գնացել է էն կողմի հողերի վրա։ Մի խոսեցրու, խոսեցրու, տես ինչեր է ասում։

— Ի՞նչ է ասում, Սահակ։ Չի ասում, թե առաջ ինչո՞ւ էր այդպես։

— Ասում է, որ հարցնում են, ասում է։ Սիրտս նեղվում էր, ասում է, չքավորությունը խեղդում էր ինձ, ես տեսնում էի, որ էսպես գլուխ չեմ հանելու, մենակ աշխատելուց սիրտս սևանում էր։ Ես էլ ինձ տալիս էի ծուլության, հարբեցողության