Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ԱՐՏԵԼԻԱ»

Ամռան կեսօրվա կիզիչ արևը խանձում է։ Մի նեղ կածանով ձին զգույշ փոխում է քայլերը, իջնում, նորից բարձրանում։

Գյուղը դեռ չի երևում։

Կածանը ցորենի արտերի միջով է անցնում։ Բերք չկա այս տարի. ձմռան ցրտերը կտրել են, երաշտն էլ մի կողմից է այրել։ Արտերում՝ լղարիկ հասկեր, հատ ու կենտ, թզաչափ բարձրության:

Կանաչն է փրփռում միայն բազմերանգ ծաղիկներով բնական մարգերում, որ նախշուն գորգերի պես փռվում են սարալանջերին։ Հեռվից, ասես, քաթանի կանաչ գույնի վրա մեկը վրձինով քմահաճ գծեր է քաշել՝ մի տեղ կարմիր, մյուս տեղ՝ դեղին։

Բանուկ ճանապարհ չէ։ Գնում եք ժամերով, ոչ ոքի չեք հանդիպում։ Հնձի ու վարի ժամանակ միայն մի քանի օր բանում է ճամփան: Գյուղից-գյուղ երթևեկ քիչ կա։ Ամեն գյուղ ինքնամփոփ է, հարևանի մոտ գնալ-գալ չունի։

Կածանն իջնում է դեպի ձորը, անցնում սրածայր ժայռերի տակով։ Վայրէջքը դժվար է, քարոտ, առապար։ Ներքևն անդունդ է. մի անզգույշ քայլ՝ և մեծ կտորը ականջդ կմնա։

Վերևում ժայռեր են, որոնց հիմքը հեղեղը փորել է, մաշել, և մի թեթև ցնցումի են սպասում, որ գլորվեն ներքև։

Մի հեղեղ լինելիս՝ ավազախառն սելավը սրբում է կածանը, քար ու հողով ծածկում և տեղ-տեղ դժվար անցանելի խորխորատ կազմում։