Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն զայրույթը, որ եռում էր, ինչպես գոլորշին փակ կաթսայում։

Մարդը ժպտաց։ Պարզ ու հասարակ ասաց նա, որի սիլուետը պատշգամբի վրա հազիվ էր երևում։ ճշմարիտ ասաց նա։

— Միշո՜ւտկա, դու է՞լ ես եկել,— հարցրեց մարդը մի տղայի, որ թույլ բազուկներով սրան-նրան հրելով աշխատում էր դուրս գալու բազմության միջից ու տուն վազելու։ Տղան ուրախացած մոտեցավ հորը։

— Միասին գնանք տուն, հա՜,— ասաց նա հոր թևից կախվելով: Այդ րոպեին մեկը կանչեց. «Դեպի կայարան... քեյխհաուզների մոտ...»։

-Միշո՛ւտկա... դու մենակ գնա։ Սա էլ հետդ տար, — ու մեկնեց կողովը,— վաղվա հացն է... Մորդ ասա, որ ես մերոնց հետ գնացի։

Տղան մնաց տեղը կանգնած։ Ու երբ հայրը կռացավ, գրկեց նրան, ճակատը համբուրեց, նա զգաց մախորկայի ծանր հոտը, որ միշտ գալիս էր հոր բերանից, շրթունքներից։ Բեղերը ծակծկեցին տղայի այտը։ Աչքերն արցունքով լցվել էին. ինքը մենակ պիտի գնա տուն...

Հայրը մի քիչ հեռացավ ու նորից ձայն տվավ։ Տղան վազեց: Հայրը արձակեց գլխի շորը ու փաթաթելով որդու վիզն ու ականջները, ասաց.

— Դե վաղի', որ չմրսես...

Մարդիկ լուռ գնում էին։ Ստվերներ՝ խումբ-խումբ, առանձին։ Մեկը զիլ ձայնով սկսեց ծանոթ երգը։ Մյուսները ձայնակցեցին։ Երգի ռիթմը չափ տվեց քայլերին։ Բնազդը մոտեցրեց իրար։ Ցրված խմբերը միաձուլվեցին և համաչափ օրորվելով, կորան խավարի մեջ։

Մարդը գնում էր բազմության հետ։ Գնում էր, հանդարտ ժպտում ու քթի տակ ձայնակցում երգին։ Ցուրտ չէր զգում նա, ո՜չ քաղց, ո՛չ հոգս։

Վիթխարի տներն ասես կուչ էին եկել, ներս քաշվել։ Հրապարակը դատարկվեց։ Միայն գազազած քամին վայրենի հռնդյունով մեկ առկայծոզ խարույկների վրա էր հարձակվում