Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ման ուրախ էր նա, հիվանդ այդ երիտասարդը և մոռացած այն, ինչ ասել էր բժիշկը' ճակատը չէր հեռացնում սառը պատուհանից։

Մամռոտած, երևսի մաշկը ծալ-ծալ մի կին վուալը մինչև քիթը վեր քաշած, նայեց երկար և կռացավ կողքին կանդնած պառավի ականջին.

— Կարծես ոչինչ, չէ՞...

— Այո,— ասաց նա ու լռեց։

Կուռ շարքերով քայլում են կոմունարները, և նրանց դոփյունից փողոցի գրանիտը զրնգում է որպես պողպատ, ու մեղմ ձայնակցում են փակաղակները, ռիթմով դիպչում պղնձյա կոհակներին։ Բոց կա աչքերում, բարձր են գլուխները և քայլքը՝ վստահ։ Պողպատյա հալոցք է հոսում և ոչ մարդկային զանգված։ Եսկ ձյունաթույր ամպերի մեղմ փայլը խաղում էր սրածայր սվինների վրա։

Երթի առաջին խմբերը հրապարակը հասան։ Ու հանկարծ, ինչպես որոտը, թնդաց հուժկու «հուռռան»... Ծովն է այդպես մռնչում և ոչ թե մարդը։ Հին, խարխլած տներն ասես դողացին... Աղավնիները պտույտ արին եկեղեցու գմբեթի շուրջը, իսկ վուալով տիկինը թեթև ցնցվեց, թիկնեց ամուսնու ուսին։

Փայլում էր ծովացած բազմությունը, որոտում էին հազարաբերան հուռռաները, պղնձյա փողերը հնչեցնում էին հաղթական մարշ։

Այդպես մինչև մութն ընկներ... Ու դեռ գնում էին։

Մթնում թնդանոթն ավետեց պատմական ժամը։ Վիթխարի քաղաքի հազարավոր գործարանների շչակներ միանգամից ձայնակցեցին՝ հուժկու սարսռեցնող սուլոցներով՝ մեկը բամբ, մյուսը՝ թավ, երրորդը՝ զիլ։ Ռակետները հրե օձերի նման ճեղքերին ամպերը՝ վերից գունավոր անձրև թափելով։

Ամպերը խտղտում էին, աշխատում դանդաղ սահելով պահվել երկնակամարի մութ խորշերում, որպես գիշերահավ։

Հրապարակի վրա .վիթխարի տան ամբողջ ճակատը հրավառ էր։ Այդ մի հսկա քարտեզ էր, որի առաջ ծովացած բազմության վրա լուսարձակները կաթնագույն լույս էին մաղում։ Գունավոր ճրագներով նշանակված էին քաղաքները, գործարանները, կարմիր գծերով' ճանապարհները, կապույտ՝ ջրանցքները,