Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քերծի տակից մեկը հերսոտ «թոշ-թոշ» է անում և հայհոյում։ Հավասարվում ենք։ Գյուղացի է, հանդ է գնում։ Մի սրածայր մահակով բզում է իշին, զարկում զայրացած, իշատիրոջ հերն անիծում։

Լղար քոսոտ էշ է, գութանի խոփն ու թևը բարձած։ Բարակ ոտքերը զգույշ է փոխում և ամեն քայլափոխին տնքում բեռան տակ։

Գյուղացին էլ է շալակել, և քափ-քրտնքի մեջ կորած, դժվարին վերելքով և՛ ինքն է բարձրանում շալակն ուսին, և՛ էշին բզում, հրում:

Մի կողմ եմ կենում, որ անցնի։

Շալակը մի քարի է դնում, մեջքը դեմ է տալիս և փափախով քրտինքը սրբում։ Գեղի ճանապարհն եմ հարցնում։

— Հենց էս կածանը գեղի վրա յա իջնում,— ասում է և հարցնում, թե ինչու՛ եմ գնում։

Պատասխանում եմ. նա մի քիչ մտածում է, ասում, որ լավ գործով եմ գնում։

— Բարի նպատակ ա…

Եվ ոտից-գլուխ մի հայացքով լափում է ինձ, նայում ձիուս սարքուկարգին։

— Ես էս կառավարության մի բանը գլխի չեմ ընկնում: Էդ ո՞նց ա, գյուղերը ման եք գալիս ու մի նշան չունեք, որ տեսնողն էլ իմանա, թե օրենքի մարդ ես։ Առաջ է՜, էն քյոխվեն, որ էլի անուսում մի մարդ էր, մի մեծ զինջիլ վզին կախ էր ման գալիս։ Տեսնողն էլ իմանում էր, որ հա՜, սա քյոխվա յա…

Ասաց ու քրտինքը նորից սրբեց.

Այնքան չարքաշ դեմք ուներ, խեղճ արտաքին։ Տեղով մի միտք էր, թե՝

— Ես հեչ, հա՜, քո ասածն ա…

Էշը բավական հեռացել էր։ Նա մի անգամ էլ կրկնեց, թե կածանն ուղիղ գյուղի վրա է իջնում, բեռը շալակեց և ոտները ծանրության տակ կքելով՝ սկսեց բարձրանալ սարն ի վեր։

Քիչ հետո նորից լսվեց նրա բարկացած «թոշ-թոշը»։

Ներքև՝ ձորի մեջ, լեռնային գետակն էր աղմկում, ճերմակ փրփուրներ բաշին ցատկոտում քարի վրայով։