Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գետնից չեր վերցնում բռնոթամանը, ո՛չ նրա համար, որ կմոռանար Խանլար փաշայի բանակատեղը, այլ որովհետև բռնոթի քաշելուց հետո Աթա ապերն այնպես էր սաբր գալիս, այնպես աղմուկով էր սաբր գալիս, որ մինչև անգամ փոստի տրակտով անցնողները լսում էին նրա փռշտալը, ինչպես եթե մի քերծ փլվեր։

Եվ ամենքը լուռ լսում էին Նիազանց Անդրու նվագը... Երեխաները, որոնք մեծերի ահուց մուտք չունեին Շուղանց քարատակը, հավաքվում էին դրսում, դռնամուտից լսում էին այդ նվագը և զարմանում էին, թե ի՞նչ կա Նիազանց Անդրու ճոթռած, կոշտ և կոպիտ մատների մեջ, ի՞նչ զորություն կա, որ այդպես լացացնում է մարդկանց։

Այդ երգերը հիմա չկան, և լավ է, որ հիմա այդպես չեն նվագում։ Գուցե թե մի հեռավոր գյուղում դեռևս մեկը սազ է նվագում, բայց ոչ այդ սազն է Անդրու սազի նման, և ոչ նրա նվագը։ Երբ քարատակում Անդրին նվագում էր, մեկը հիշում էր անհայտ կորած որդուն և սուգ էր ասում, մյուսի աչքերի առաջ հառնում էին լեռներն աշունքին, երբ քոչն արդեն գնացել է, ցուրտ ամպերը լիզում են ուրթի տեղերը, հիշում էր օջախի քարը, որի մոտ ամառը լուսնկա գիշերով կրակ է արել մի շարմաղ աղջիկ... Նա այդ էր հիշում, իսկ նրա կողքին նստողը միտք էր անում, թե ե՞րբ կբացվի իր կյանքի փակ դուռը, տաշտում ե՞րբ հաց կլինի, երեխաները մերկ չեն լինի, ծառ կտնկի, ծառը պտուղ կտա, և երբ հասնի արդար ծերության, իր տնկած ծառի ստվերում կնստի գոհ և երջանիկ։

Երբ Անդրին այլևս չէր նվագում և արդեն սազը կոխում էր պարկի մեջ,— դեռ ոչ ոք ձայն չէր հանում, կարծես ամենքն ուզում էին լսել մինչև վերջին հնչյունը, որ արդեն պոկվել էր չարերից և քարանձավում թրթռում էր, ինչպես արևից զարթնած ոսկե թիթեռ։ Եվ նույնիսկ այն ժամանակ նրանք չէին խոսում, երբ Անդրին, սազը պարկի մեջ տեղավորելուց հետո, ասում էր-

— Ինչո՞ւ եք լռել, ա՜յ սրտամեռ խեղճեր...

Միայն այդ ժամանակ ոմանք հառաչում էին, կարծես զարթնում էին խոր քնից, ծխելով թեժացնում էին չիբուխների սառած կրակը, իսկ ով քարատակն էր եկել կաշվե ձողով,