Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շարունակում էր քերել տրեխացու կաշին։ Չետանց Վանեսը գրպանից հանում էր ղավր, ահագին պողպատը զարկում էր կայծքարին, իսկ Աթա ապերն առնում էր բռնոթամանը...

— Ծաղկես դու, Անդրի... Երեխայի նման մեզ մղկտացրիր... Զորանաս, մեջլիսներում մշտական ղա՜.. աար... դաա՜ա,— և պատահում էր այն, որ փոստի տրակտով անցնողները կարծում էին, թե քերծ փլվեց։

Այդ ամենից հետո Բալթա Թիվին դարձյալ շարունակում էր թղթախաղը։ Իսկ մյուսները հավաքվում էին Աթա ապոր շուրջը, և ծայր էին առնում այնպիսի զրույցներ, որոնց լսողը կմտածեր, թե 1919 թվի ձմեռը չէ, այլ շատ վաղ ժամանակ, և գյուղում ոչ կոմիսար կա, ոչ ֆրոնտ կա և ոչ առվի ահ, այլ քարանձավների դարն է, դուրսը ցոլրտ ձմեռ է, մութ խավար,— մարդիկ մտել են այդ թաքստոցը և կրակի շուրջը բոլորած պատմ ում են որսից, գազաններից, քաջքերից, որոնք բնակվում են հենց այդպիսի քարատակներում, կարող են պարել, զուռնա փչել, մթնում կարող են մենակ մարդուն խաբել և քարափից քցել ձորը...

2

Մտավ 1920 թիվը. ձմեռը զոռեց, և սովը սաստկացավ։ Թեև Խանլար փաշայի զորքը նահանջել էր, սակայն հաղթանակն ուրախություն չբերեց։ Կարծես այդ պատերազմը, որի վախճանին քաղաքում թափոր և զորահանդես եղավ, և դինի խմեցին հաղթողների պատվին,— կարծես այդ կռիվը եղել էր յոթ սարերից այն կողմ մի աշխարհում, որի միայն անունն էին լսել քարատակի մարդիկ։

Հաց չկա՛ր, — ցամաք հաց, գարեհաց և նույնիսկ կորեկի բլիթ չկար: Իսկ ձյունը գալիս էր, և գարնան ոչ մի նշան չէր երևում: Այդպիսի ձյուն Աթա ապերն իր կյանքում չէր տեսել։ Իզուր տեր Նորընծան ամեն օր գուշակում էր «բարեխառնություն օդի և ջերմություն ջրի»։ Ցերեկը ձյունը դադարում էր, երևում էր սառն արևը, և նոր ձյունի ցոլքն ընկնում էր ժայռերի լանջին: Մարդիկ հազիվ էին մաքրում դուռ ու բակ և ցրտին կուչ գալով մի կերպ արահետ էին բացում դեպի հարևանի տունը, երբ գորշ ամպերը նորից էին կախվում.