Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկսվում էր ձյունը, լեռնային երկրի ձյունը, որ իջնում է անընդմեջ,— այն սպիտակ ձյունը, որ յիայլում է աստղերի լույսով և թվում է, թե ձյունը կաթկթում է ցուրտ աստղերից։

Ահավոր ձմեռ էր` դաշտերից ծտերը փախչում էին դեպի հարդանոցները, նապաստակները գիշերով թաքնվում էին դեզերի մեջ, և գայլերը պտտվում էին տաք գոմերի շուրջը, և նույնիսկ նրանցից հանդուգնը գիշերով վազում էր գյուղի միջով իր ետևից ձյունամրրիկի նման բարձրացնելով շների կաղկանձը։

Ոչ դիրք էր մնացել, ոչ դիրքապահ զորք։ Այդպիսի ձմեռը Սուլթան Մուրադի բանակն էլ չէր անցնի Զանգեզուրի լեռներով։

Աթա ապոր շտաբն այլևս չկար։ Պղնձե բռնոթամանը նա այլևս գետնին չէր դևում, որովհետև բազմաթիվ ձեռքեր մեկնվում էին նրա կողմը, մանավանդ Քալանթար Բեդին թաթն այնպես էր կոխում, կարծես Աթա ապոր բռնոթամանը վայրի մեղրաբուն էր։ Միայն նրա ձեռքին հոնի «տեր ողորմյան» էր։ Կորիզները գլորերով Աթա ապերը գուշակում էր, թե երբ պիտի բացվի լավ օրը, և վերջին կորիզը միշտ ընկնում էր աստծու անվան և ապագան մնում էր մութ։ Աթա ապերը լռում էր և եթե խոսեր, միայն ջրաղացպանին կասեր.

— Էլի փառք, որ շառի վրա չեկավ...

Բազար էլ չկար։ Ոչ առնելու բան կար, ոչ ծախելու։ Միայն Բալթա Թիվին էր աննկուն։ Քարատակում որքան ավելի խոսում էին հացի մասին, նրա խումբն ավելի համարձակ էր խաղում։ Արդեն խաղում նա տարել էր Մելքումովների մաղազան, Կատարի Խաչի ուռիները, տեր Նորընծայի ջորին, մինչև անգամ Կուտուռուզ Սաքոյի Բողար շունն էլ տարել էր և խաղը մեծացնելով տեղափոխվել էր Բաքու և մեկը մյուսի ետևից տանում էր Լիանոզովների նավթահորերը։

Երբեմն մեկը քարատակում հառաչում էր թոքերը կտրատելով և այնպե՛ս խոր, որ հարևանը նրան էր նայում, կարծես այդ հառաչի հետ դուրս էր թռել հառաչողի շունչը։

— Իսոն ասում էր էգուց եզը պիտի մորթի,— լռության մեջ լսվում էր մի ձայն։

— Իսո՜ն...