Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ասում են եզը պիտի մորթի...— և ասողր նայում էր հարևանին, աչքերով հարցնում էր, թե եթե Իսոն եզը մորթի, ի՞նչ կլինի։

— Իսոյին ինչ... Եզ էլ կմորթի, գոմեշ էլ կմորթի։ Իսոն կանի։

— Դու ինչո՞ւ չես մորթում... Քո տավարն Իսոյից շատ, մի բեռ գարի էլ ավել,— անհայտ է, թե ինչու, առաջինի վրա հարձակվում էր մի ուրիշը, որը քարանձավի մթնում մինչ այդ չէր երևում։ Նա Իսոյի ազգակա՞նն էր և առաջինի թշնամի՞ն, թե՞ բաժին էր ակնկալում Իսոյի մորթելիք եզից,— մութ էր և միայն ներկաները մտաբերում էին, որ խոսողի փոքր երեխան երեք օր է կապտած ընկած է, և, ինչպես կանայք էին ասել, մնացել է երեխայի, կաշին և ոսկորը։

— Ա՜յ ժողովուրդ, ես պակաս խոսք հո չասացի, որ էն մարգը տեղն էրվեց...

— Ես քո մտքինը լավ գիտեմ,— և մթնից դուրս էր գալիս դեղնած հրեսով մի մարդ, որի նույնպես կաշին և ոսկորն էր մնացել։

— Մտքինդ լավ գիտեմ... Եզներդ ուղարկել ես աներոջդ տունը, երեխեքդ կուշտ, էգուց էլ վար ես գնալու ուրախ-ուրախ, իսկ Իսոն ձեռքը ծոցում պիտի մնա,— նրա աչքերը վառվում էին մթնի մեջ,— պա՛հի, պինդ պահի, քո երեխի արյունն իմից կարմիր է, չէ՜...

Ներկաներն ուզում են նրան հանգստացնել։ Նրանք գիտեն, որ խոսողն այն խեղճ մարդը չէ, այլ սովից գազազած նրա ոգին։ Իսկ նա բորբոքվելով հետզհետե բարձրացնում է ձայնը, հայհոյում` անհայտ է, թե ում մեռել-կենդան և ձայնը մինչև վերջ խզելով դուրս է թռչում, կարծես քարից իրեն քցեց անդունդը։

Այդպիսի ժամանակ մարդիկ քարատակում լռում էին, և նույնիսկ Բալթա Թիվին այլևս չէր խաղում։ Մարդիկ իրար էին նայում, նրանց դեմքերը համր էին և մռայլ, ինչպես քարանձավի պատերը։

Աթա ապերը առաջինն էր խոսում.

— Ժողովուրդ, հապա էն խելագարն ո՞վ էր, մեր տղան չէ՞ր... Ուրեմն թողնենք, որ նրա երեխան մեռնի։ Ուրեմն